Պատմություն

23.06.2016

Պատմություն

ՀԱԷԿ-ը գտնվում է ՀՀ Արարատյան դաշտավայրում` Երևան քաղաքից 28կմ դեպի արևմուտք: Կայանի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին: ՀԱԷԿ-ն ունի 2 էներգաբլոկ` կառուցված ВВЭР-440 տիպի B-270 մոդելի սեյսմակայուն 2 ռեակտորների բազայի վրա:

Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը` 1980 թվականի հունվարի 5-ին: Յուրաքանչյուր էներգաբլոկի էլեկտրական հզորությունը կազմում էր 407,5 Մվտ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱԷԿ-ից 83 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակ քաղաքի ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում կայացրեց դադարեցնել ՀԱԷԿ-ի աշխատանքը: Առաջին էներգաբլոկի աշխատանքը դադարեցվեց 1989թ. փետրվարի     25-ին, իսկ երկրորդ էներգաբլոկինը` 1989թ. մարտի 18-ին:  Սակայն  ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում Հայաստանի կառավարությունը 1993 թվականին որոշում կայացրեց վերագործարկել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը: Որոշումից երկու տարի անց անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված հսկայածավալ միջոցառումների և արդիականացման աշխատանքների ավարտից հետո 1995թ. նոյեմբերի 5-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և միացավ էներգահամակարգին: Այժմ երկրորդ էներգաբլոկը ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40%-ը:

Շարունակվում է կայանի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, կատարելագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիան:

Շրջակա միջավայրի ճառագայթային հսկողությունը հանդիսանում է ատոմակայանի ղեկավարության հիմնախնդիրներից մեկը:

Բարձրացվում է կայանի անձնակազմի որակավորումը, հատկապես օպերատիվ անձնակազմի: Կայանի ուսումնավարժական կենտրոնում գործող վարժասարքերի վրա կատարվում են հակավթարային վարժանքներ, որի արդյունքում օպերատիվ անձնակազմը պրակտիկորեն ամրապնդում է իր գիտելիքները, ձեռք է բերում հմտություն և փորձ` վթարային իրավիճակներում կանխարգելող ճիշտ գործողություններ իրականացնելու համար:

ՀՀ կառավարության որոշման համաձայն 2015թ. սկսվել են կայանի կյանքի տևողության երկարացման աշխատանքները:

Ռեակտորի մետաղի և հիմնական սարքավորումների մանրակրկիտ հետազոտությունները, ինչպես նաև միջազգային փորձը ցույց են տվել, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը ռեալ է: ԱԷԿ-ների շահագործման ժամանակի երկարացման փորձ ունեն մի շարք երկրներ, այդ թվում նաև ՌԴ:

Ֆինանսական հատկացումները կատարվում են ՌԴ կողմից վարկային միջոցներով: