ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ (Մանրամասներ այցից)

06.05.2019

ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ (Մանրամասներ այցից)

ԱԷՄԳ-ի  գլխավոր տնօրենը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ սա իր երկրորդ այցն էր հայկական ԱԷԿ: Առաջին անգամ այցելել էր  2012թ-ին, և տարբերությունը, որը նա տեսավ, հսկայական էր:

Նա նկատեց նաև, որ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել կայանում այդ ժամանակվանից ի վեր՝ ուղղված թե' անվտանգության բարձրացմանը և թե' Աէկ-ի շահագործման ժամկետի երկարացմանը:

Պրն. Ամանոն ուրախությամբ անդրադարձավ այն փաստին, որ ՀԱԷԿ-ը ակտիվորեն օգտվում է ԱԷՄԳ-ի  փորձագետների տեխնիկական աջակցությունից և անում ամեն ինչ ԱԷՄԳ-ի  առաքելությունների արդյունքում ստացված հանձնարարականները և առաջարկները կատարելու ուղղությամբ:

ԱԷՄԳ-ի  գլխավոր տնօրենը հարց հնչեցրեց նոր ԱԷԿ-ի կառուցման հրապարակի ընտրության վերաբերյալ, որին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալը   Հակոբ Վարդանյանը պատասխանեց՝ նշելով, որ նոր ԱԷԿ-ը մեծ հավանականությամբ կկառուցվի նույն հարթակի տարածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող ԱԷԿ-ը կառուցվել է ամենաօպտիմալ և սեյսմակայուն ռեգիոնում:

Պրն. Ամանոն իր խոսքում նշեց նաև, որ նախորդ օրը գործնական հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և նախագահի հետ, որոնք իրեն վստահեցրել են, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի կիրառել ատոմային էներգիան նաև ապագայում: Այս առիթով ԱԷՄԳ-ի  գլխավոր տնօրենը հայտնեց իր գոհունակությունը և հույս հայտնեց՝ հետագայում ավելի սերտ համագործակցելու վերաբերյալ: