ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի այցը ՀԱԷԿ

30.04.2019

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի այցը ՀԱԷԿ

Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ այցի շրջանակներում Ատոմային էներգիայի  միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, իր տիկնոջ Յուկիկա Ամանոյի և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի օգնական Էդգար Պերեսի հետ  ճանաչողական այց են կատարել Հայկական ատոմային էլեկտրակայան: Հյուրերն այցելել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների (ԷԵԲՊՆ)նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի և ԷԵԲՊՆ ու Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ:

Հյուրերը ծանոթացել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին:

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում և եղել կենտրոնական ղեկավարման վահանակում:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ:

ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ գործակալությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում:

ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ Վարդանյանը շնորհակալություն հայտնելով՝ բարձր է գնահատել ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցության համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: