ԱԷՄԳ-ի SALTO առաքելությունը Հայկական ԱԷԿ-ում

17.12.2018

ԱԷՄԳ-ի SALTO առաքելությունը Հայկական ԱԷԿ-ում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խումբն ավարտեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման ժամկետի երկարացման անվտանգության ստուգումը:  SALTO (Երկարաժամկետ շահագործման անվտանգության ասպեկտները) առաքելությունն անցկացվեց ՀԱԷԿ-ի խնդրանքով: 12 հոգուց բաղկացած խմբի ուշադրությունն ուղղված էր ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ երկարաժամկետ շահագործման համար կարևոր ասպեկտների դիտարկմանը: 2013 և 2016թթ. անցկացված SALTO նախնական առաքելություններից հետո SALTO–ի թիմն ստուգեց շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) հետ կապված պատրաստվածության, կազմակերպչական միջոցառումների և ծրագրերի համապատասխանությունը ԱԷՄԳ անվտանգության ստանդարտներին:

Թիմը նշեց, որ շահագործող կազմակերպությունն սկսել է նախորդ առաքելությունների ընթացքում տրված հիմնական հանձնարարականների կատարման աշխատանքները` ներարյալ ՇԺԵ համար անվտանգության նոր հիմնավորում պահանջող բաղադրամասերի որոշման գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը և լրացուցիչ շահագործման ժամկետի (ԼՇԺ) ընթացքում անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված դեռ չիրագործված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Թիմը նշեց նաև, որ շահագործող կազմակերպությունը հաջողությունների է հասել հնացման կառավարման բնագավառում և անվտանգ ՇԺԵ հետ կապված այլ տեխնիկական բնագավառներում: Փորձագետներն ընդգծեցին կայանի անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, նրանց անկեղծությունը և կատարելագործմանը վերաբերող առաջարկներին հետևելու պատրաստակամությունը:

Խմբի կազմում ներառված էին Բելգիայից, Բուլղարիայից, Կանադայից, Չինաստանից, Չեխիայի Հանրապետությունից, Ֆինլանդիայից, Իրանից, Իսպանիայից, Շվեդիայից և Ուկրաինայից ժամանած փորձագետներ, ինչպես նաև ԱԷՄԳ-ի երկու աշխատակից: Նրանք հայտնաբերեցին դրական փորձի և ուժեղ կողմերի մի քանի օրինակ, որոնք հայտնի կդառնան համաշխարհային միջուկային արդյունաբերության ոլորտին:

Խումբը նաև տվեց որոշ հանձնարարականներ ՇԺԵ անվտանգության հետագա բարձրացման վերաբերյալ:

Կայանի ղեկավարությունը հայտնեց այդ հանձնարարականները կատարելու իր պատրաստակամության մասին և դիմեց ԱԷՄԳ-ին 2020թ. կրկնակի ստուգման նպատակով առաքելություն անցկացնելու խնդրանքով:

«Մեզ համար շատ կարևոր են SALTO առաքելության արդյունքները` համոզվելու համար, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Մեզ անհրաժեշտ կլինի վերլուծել խմբի առաջարկները և համապատասխան միջոցներ ձեռք առնել` ՇԺԵ անվտանգությունը բարձրացնելու համար», նշեց ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ պրն Արթուր Գրիգորյանը: «Խմբի կազմում ներառված էին փորձառու փորձագետներ ԱԷՄԳ-ի անդամ պետություններից, և դա մեզ թույլ տվեց ավելի լավ ծանոթանալ միջազգային առաջադեմ փորձին` այն մեր կայանում ներդնելու նպատակով»:

Առաքելության ավարտին փորձագետների խումբը նախնական հաշվետվություն ներկայացրեց ատոմակայանի ղեկավարությանը: Կայանի ղեկավարութունը և Հայաստանի կարգավորող մարմինը հնարավորություն կունենան փաստացի դիտողություններ ներկայացնել նախնական հաշվետվության վերաբերյալ: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի կայանի ղեկավարութանը, Հայաստանի կարգավորող մարմնին և ՀՀ կառավարությանը երեք ամսվա ընթացքում: