ԱՄՆ Կառավարության պատվիրակության այցը ՀԱԷԿ

02.04.2019

ԱՄՆ Կառավարության պատվիրակության այցը ՀԱԷԿ

Ս/թ մարտի 13-ին ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ հանդիպման նպատակով ՀԱԷԿ են այցելել ԱՄՆ Կառավարության պատվիրակության անդամները: Նրանց ողջունեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը: Խորհրդակցությանը մասնակցեցին Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը և հիմնական ստորաբաժանումների ղեկավարները: Վարդանյանը ներկայացրեց կայանի պատմությունը, նշեց, որ երկու էներգաբլոկներն էլ սովետական նախագծման են և նմանատիպ էներգաբլոկներ կան նաև այլ երկրներում՝ Ռուսաստան, Հունգարիա, Սլովակիա և այլն: Խոսեց նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի աշխատանքների ընթացքի, տուրբինային արտադրամասում կատարվող արդիականացման և սարքավորումների փոխարինման մասին:

Մ. Վարդանյանը հատուկ անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ ՀԱԷԿ-ում բացված «Ուսումնական կենտրոնին», խոսեց կենտրոնի առաջնային դերի և կարևորության մասին: Պատվիրակության անդամները տեղեկացան, որ «Ուսումնական կենտրոնի» շենքային պայմանները բարվոք վիճակում են և քննարկվեցին տեխնիկական նոր սարքավորումների ձեռքբերման տարբերակները:

Ամերիկյան կողմից  հարց հնչեց անձնակազմի պատրաստվածության մակարդակի, աշխատանքը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու և առաջացած աշխատանքային խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ: Ի պատասխան նշվեց, որ անձնակազմի գիտելիքների համալրման և պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ բոլոր աշխատանքները լիարժեք կատարվում են, ամեն ինչ արվում է անձնակազմի փորձառության ապահովման համար: Փորձի փոխանակման և գիտելիքների համալրման նպատակով կազմակերպվում են սեմինարներ, քննարկումներ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում, ԱՄՆ-ի կողմից իրականացվող միջազգային ծրագրի շրջանակներում խոսվեց նաև ՀԱԷԿ-ի Լիամասշտաբ վարժասարքի (ԼՄՎ) արդիականացման աշխատանքների հետագա քայլերի մասին: ԼՄՎ-ն սովորողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել բլոկի նորմալ շահագործման տեխնոլոգիական գործընթացները և դրանց կառավարման համար ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ ներառյալ հնարավոր անոմալ և վթարային իրավիճակների լիկվիդացման գործողությունները իրական ժամանակի ռեժիմում: