ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովի պատվիրակության այցը ՀԱԷԿ

06.08.2018

ԱՄՆ Միջուկային կարգավորող հանձնաժողովի պատվիրակության այցը ՀԱԷԿ

Ս/թ հուլիսի 19-ին ԱՄՆ  Միջուկային   կարգավորող   հանձնաժողովի (ՄԿՀ) պատվիրակությունը այցելել է ՀԱԷԿ՝ հանձնաժողովի հանձնակատար  Սթիվեն  Ջիլբերտ Բըրնսի ղեկավարությամբ և ԱՄՆ դեսպանության տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանի  ուղեկցությամբ:

Ժամը 11:00-ին պատվիրակության անդամները արդեն ՀԱԷԿ-ի խորհրդակցությունների  դահլիճում էին, նրանց ողջունեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը: Խորհրդակցությանը մասնակցեցին Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը և հիմնական ստորաբաժանումների ղեկավարները: Հյուրերին  ներկայացվեց աշխատանքային օրվա գրաֆիկը: Վարդանյանը ներկայացրեց կայանի պատմությունը, նշեց, որ երկու էներգաբլոկներն էլ սովետական նախագծման են և նմանատիպ էներգաբլոկներ կան նաև այլ երկրներում՝ Ռուսաստան, Հունգարիա, Սլովակիա և այլն: Խոսեց նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման  ծրագրի աշխատանքների ընթացքի , տուրբինային արտադրամասում կատարվող արդիականացման և սարքավորումների փոխարինման մասին:

ՄԿՀ հանձնակատարի աշխատակազմի ղեկավար Ջեյսոն Կարլ Ցորնը հարցրեց, թե ինչպե՞ս է կատարվում սարքավորումների մատակարարումը, ո՞ր ընկերությունն է մատակարարը: Վարդանյանը պատասխանեց, որ Ուկրաինական «Տուրբոատոմ» ընկերության հետ է համագործակցությունը, մրցութային կարգով է ընտրվել ընկերությունը, իսկ մատակարարումները կատարվում են Վրաստանով:

Վարդանյանն իր խոսքում հատուկ անդրադարձ կատարեց կառավարության կողմից առաջադրած 2 հիմնահարցի.  Էներգաբլոկի շահագործման ընթացքում անվտանգության մակարդակի անընդհատ բարձրացման հարցին և կայանի երկարաժամկետ աշխատանքի ապահովմանը:

Այնուհետև հարց հնչեց անձնակազմի պատրաստվածության մակարդակի, աշխատանքը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու և առաջացած աշխատանքային խնդիրների լուծման եղանակների վերաբերյալ:

Նշվեց, որ անձնակազմի գիտելիքների համալրման և պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ բոլոր աշխատանքները լիարժեք կատարվում են, ամեն ինչ արվում է անձնակազմի փորձառության ապահովման համար:Փորձի փոխանակման և գիտելիքների համալրման նպատակով կազմակերպվում են գործուղումներ: Առանձին հարց հնչեց.ի՞նչ է արվում անվտանգ սերնդափոխություն ապահովելու համար, որպեսզի տարեց աշխատակիցներն իրենց փորձն ուսուցման միջոցով փոխանցեն նորեկներին և հարթակը զիջեն նրանց: Մինչև հարցին պատասխանելը Մ. Վարդանյանը հատուկ անդրադարձ կատարեց ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ ՀԱԷԿ-ում բացված «Ուսումնական կենտրոնին», խոսեց կենտրոնի առաջնային դերի և կարևորության մասին: Պատվիրակության անդամները տեղեկացան, որ «Ուսումնական կենտրոնի» շենքային պայմանները բարվոք վիճակում են, տեխնիկական նոր սարքավորումների ձեռքբերման տարբերակներ քննարկվեցին: Տարաբնույթ էին Միջուկային կարգավորող հանձնակատարի աշխատակազմի ղեկավարի հարցերը, թե ինչպե՞ս է կատարվում մատակարարումը, արդյոք կան միջուկային վառելիքի ձեռք բերման կամ պահեստավորման խնդիրներ: ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմը լսեց առաջադրված հարցերը, մանրամասն պատասխանեց, նշելով, որ կայանը ժամանակին ուներ ֆինանսական լուրջ խնդիրներ և, անգամ գոյացած պարտքեր, սակայն այսօր՝ աշխատանքները ժամանակին և պատշաճ կատարելու արդյունքում, կայանը ոչ միայն չունի պարտքեր,  այլ նաև հաղթահարել է բոլոր ֆինանսական խնդիրները:

ՀԱԷԿ-ի Միջուկային անվտանգության և հուսալիության բաժնի պետ՝ Օլեգ Գրիգորյանը փաստեց, որ 1999 թվականի վերջին և 2000 թվականի սկզբում ՀԱԷԿ-ն ուներ միջուկային վառելիքի մատակարարման խնդիրներ, սակայն այսօր մատակարարման հետ որևէ խնդիր չկա: Միջուկային անվտանգության և հուսալիության բաժինը կազմակերպում և կարգավորում է միջուկային վառելիքի հետ կապված ամբողջ աշխատանքային գործընթացը՝ համաձայնեցնելով Միջուկային անվտանգության պետական կոմիտեի հետ: Զրույցի ընթացքում Գրիգորյանը ներկայացրեց միջուկային վառելիքի հաշվառման մեխանիզմները, նշելով, որ հաշվարկները կատարվում են նախապես՝ կայանի անընդմեջ աշխատանքն ապահովելու նպատակով:

Գրիգորյանը ներկայացրեց նաև վառելիքի ձեռքբերման գործընթացը՝ նշելով, որ թարմ վառելիքը ստանալուց հետո այն տեղադրում են ռեակտորում, իսկ աշխատած վառելիքը տեղափոխում են ռեակտորին կից պահման ավազան: Որոշ ժամանակ անց այն տեղավորում են 1-ին բլոկի ավազանում, այնուհետև տեղափոխում աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարան: Պահեստները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, միջուկային վառելիքի հաշվառման և պահպանման ամբողջ գործընթացը վերահսկում են ԱԷՄԳ-ի տեսուչները:

Վերահսկումն  իրականացվում է տեսահսկման՝ ուղիղ միացման տարբերակով և մինչ այժմ որևէ թերացում չի արձանագրվել՝ աշխատանքները կատարվում են պատշաճ և բարձր մակարդակով: