ԱՂԵՏԻՑ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

08.12.2018

ԱՂԵՏԻՑ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

30 տարի է, ինչ դեկտեմբերի 7-ը մեր հիշողության մեջ մնացել է որպես ցավի ու խորը կսկիծի վկայություն, քանզի մեր պատմության ամենավշտալի էջերից մեկը՝ Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր հայի սրտում: 1988-ի աղետալի երկրաշարժը թողեց անջնջելի հետք՝ խլելով հազարավոր մարդկային կյանքեր, ավերելով Գյումրի քաղաքի բնակֆոնդի մոտ 70 տոկոսը: 1988-ի դեկտեմբերի 7-ը միավորեց ոչ միայն համայն հայությանը այլ՝ աշխարհասփյուռ մարդկությանը, ովքեր աղետից ժամեր անց արդեն Գյումրիում էին և միասին ձեռնամուխ եղան քաղաքի վերականգնմանն ու կառուցմանը: Այդ աշխատանքներից անմասն չմնաց  նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցներից կազմված փրկարարական խումբը, որն  աղետից  ժամեր անց արդեն Գյումրիում էր: 30 տարի անց այդ նույն աշխատակիցներից կազմված մի փոքր խումբ մեկնեց  Գյումրի, եղավ թիվ  6, 31 և 10 դպրոցներում, որտեղ ժամանակին  փլատակների տակից փրկել էին  բազմաթիվ երեխաների: Ցավոք, որոշներին, փրկել չէր հաջողվել. այդ աշակերտներից էր նաև Լիլիթ Սաքոյանն, ում բանաստեղծություններից կազմված գրքի շնորհանդեսին ներկա գտնվեցին ՀԱԷԿ-ի աշխատակիցները: ՀԱԷԿ-ի ղեկավարության և աշխատակիցների անունից ծաղկեպսակ խոնարհվեց  զոհվածների հիշատակին և ՀԱԷԿ-ը խորհրդանշող հուշանվերներ նվիրեցին  դպրոցներին:

Չսպիացած վերքերով, բայց հաստատուն քայլերով Գյումրին շարունակում է վեր հառնել՝ նախանշելով հպարտ գյումրեցու աննկուն կամքն ու արարելու ձգտումը: