Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

24.06.2019

Երևանում անցկացվել է գիտության տոն՝ «Look around» փառատոնը

Ավելի քան երեք հազար մարդ հունիսի 15-ին այցելել է «Look around» Գիտության փառատոն, որն այս տարի առաջին անգամ անցկացվել է Երևանում՝ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում: Փառատոնի կազմակերպիչն է՝ «Ռոսատոմ» Պետկորպորացիան։ Փառատոնի գործընկերներն են՝ «Այբ» կրթական հիմնադրամը, «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը և «Mind center» կենտրոնը։

«Սա կարևոր միջոցառում է  քաղաքի համար, և մենք ուրախությամբ տրամադրել ենք մեր հարթակը։ Հենց նման միջոցառումների ընթացքում են ի հայտ գալիս ապագա հանճարները․ ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ինժեներներ, ծրագրավորողներ, բազմակողմանի զարգացած անհատներ։ Անձնական փորձից կարող եմ ասել, որ այն երեխաները, որոնք մանկուց հետաքրքրվում են մաթեմատիկայով կամ ֆիզիկայով հետագայում դառնում են մեր լավագույն ուսանողները։ Հուսով ենք, որ Ռոսատոմի հետ դեռ շատ նման կարևոր միջոցառումներ կանցկացնենք», - ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը։

Փառատոնին մասնակցել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության ղեկավար Վարդան Մարտիրոսյանը, նույն նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ՀԱԷԿ-ի նախկին տնօրեն, Ատոմային էներգետիկյաի վետերանների միության նախագահ Սուրեն Ազատյանը և շատ շատերը:

Փառատոնին հավաքվել են ոչ միայն Երևանի, այլև հարևան մարզերի բնակիչները։ Հետաքրքիր էր բոլորին՝ և' աշակերտներին, և' ուսանողներին։ Այդ օրը մասնակիցները խորասուզվել են գիտության և տեխնոլոգիաների աշխարհ և կարողացել են համադրել ուսուցողական միջոցառումը և զբոսանքը՝ ամբողջ ընտանիքով։ Փառատոնին մասնակցած  Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները մեկ անգամ ևս համոզվել են, թե որքան կարևոր և հետաքրքիր է իրենց ծնողների աշխատանքը։

Հարթակում գործում էր նաև «Аtom skills» մասնագիոտթյունների անիվը, որը շրջելով կարելի էր ընտրել ատոմային ոլորտի որևէ մասնագիտություն և իմանալ, թե դրա համար ինչ հմտություներ են անհրաժեշտ։ Երեխաներից շատերը պատմում են , որ փառատոնին մասնակցելուց հետո որոշել են իրենց ապագան կապել ճշգրիտ գիտությունների հետ, և ինչպես նշեց 15-ամյա Վալտեր Վարդազարյանը, նա արդեն գիտի, որ պետք է լավ ֆիզիկա իմանալ, որը կօգնի հետագայում հասկանալ, թե ինչից է բաղկաած աշխարհում ամեն ինչը։