Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը

13.03.2019

Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը

Մարտի 12-ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի ութերորդ նիստը։ Քննարկմանը մասնակցել են Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Կառավարության առընթեր Միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ինչպես նաև  «Ռուսատոմ Սերվիս» ընկերության,  «Ռոսէներգոատոմ Կոնցերն», «Տեխսնաբէքսպորտ» ընկերությունների ներկայացուցիչներ։

Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը, հայկական կողմը՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը։

Նիստի մասնակիցները քննարկեցին 2019 թ. գործողությունների ծրագիրը և մինչև 2021թ․ միջոցառումների ծրագիրը, Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին Միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկերաձգման հարցը։ Կողմերն քննարկեցին նաև  օգտագործված միջուկային վառելիքի դուրս բերման և վերամշակման պիլոտային ծրագրի նախապատրաստման հարցը։

Նիստի մասնակիցները քննարկեցին նաև հումանիտար ոլորտում և ատոմային էներգետիկայի համար կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը։ 2018թ․ դեկտեմբերին մեկնարկել է Ռոսատոմի քվոտաներով բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում սովորելու համար հայ ուսանողների ընտրությունը: 2019/20 ուսումնական տարվա համար հայ ուսանողներին  հատկացվել է 4 քվոթա։ Այս տարի անցկացվել է Հայաստանի ավագ դպրոցականների միջև մաթեմատիկայի և ֆիզիկայի ամենամյա օլիմպիադայի եզրափակիչը, որի մրցանակակիրները արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:

Ատոմային էներգետիկայի բնագավառում կրթությունը հանրայնացման նպատակով Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են կրթական միջոցառումներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են «Ռոսատոմ» պետկորպորացիայի աջակցությամբ անցակցվող հումանիտար և միջազգային մշակութային  նախագծերին։

Նիստի արդյունքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը  Հայաստանում ատոմային էներգետիկայի  հանրայնացման  և հասարակական ընկալման ձևավորման ուղղությամբ։ 

Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է։ Այն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 30%-ը։ ՀԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կավարտվեն 2021թ․ վերջին, որի արդյունքում այն կհագեցվի ժամանակակից սարքավորումներով, իսկ անվտանգության աստիճանը կհասցվի միջազգային չափանիշներին։

Սկզբաղբյուր http://www.rosatom.ru