Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով ՀԱԷԿ-ում էր

31.10.2018

Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով ՀԱԷԿ-ում էր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ), ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ 

Գարեգին Բաղրամյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքներին և առաջիկա անելիքներին:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ: 
Քննարկման ընթացքում նախարարի պաշտոնակատարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել հետևողական, որպեսզի ատոմակայանի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ կերպով և սահմանված ժամանակացույցին համապատասխան, անդրադարձել է աշխատակազմի օպտիմալացմանը վերաբերող հարցերին:


Հանդիպման ընթացքում ՀԱԷԿ-ի աշխատակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել Գարեգին Բաղրամյանին, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հիշեցնենք, որ պլանային վերանորոգման աշխատանքներից հետո օգոստոսի 1-ին 2-րդ էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը միացել է ՀՀ էներգահամակարգին: 4-րդ տուրբագեներատորի գործարկումն իրականացվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան: 3-րդ տուրբոագրեգատի արդիականացման աշխատանքները շարունակվում են, այն կգործարկվի և կմիացվի ՀՀ էներգահամակարգին, արդյունքում առավելագույն հզորությունը առանց վառելիքի ծախս ավելացնելու կաճի մինչև 400 ՄՎտ՝ ներկայիս 380 ՄՎտ-ի փոխարեն: