17.01.2019
Գարեգին Բաղրամյանը պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների
Անկախ Պետությունների Համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 27-ին Անկախ Պետությունների Համագործակցության էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԱՊՀ ԷէԽ) կողմից պատվավոր կոչումներ և պատվոգրեր է հանձնել Հայաստանի էներգետիկայի բնագավառի վաստակաշատ մի շարք աշխատակիցների:
ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ» պատվավոր կոչումներ են շնորհվել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցներ Լեոնտի Ղունկյանոսի Չալոյանին և Վովա Արամի Աթոյանին:
Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին և մաղթել առողջություն, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Վովա Արամի Աթոյանը ծնվել է 1957թ. ապրիլի 8-ին Շամշադինի շրջանի Նորաշեն գյուղում, բանվորի ընտանիքում:
1963թ. ընդունվել և 1973թ. ավարտել է Նորաշենի միջնակարգ դպրոցը: 1973թ. ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1978թ, ստանալով ֆիզիկոսի որակավորում:
1978թ. սեպտեմբերին, որպես երիտասարդ մասնագետ, գործուղվել է ՀԱԷԿ և ընդունվել աշխատանքի «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա» բաժնում՝ որպես էլեկտրափականագործ:
1979թ. մայիսին նշանակվել է նույն բաժնի հերթափոխի պետ:
1983թ. անցել է որակավորման բարձրացման դասընթացներ Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտում «Ատոմային էլեկտրակայանների շահագործում» թեմայով:
1985թ. փետրվարին նշանակվել է «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա» բաժնի պետի տեղակալ:
1988թ. սեպտեմբերին նշանակվել է նույն բաժնի պետ:
1991թ. օգոստոսից մինչև 1993թ. ապրիլը աշխատել է նույն բաժնի ակտիվազերծման տեղամասում, որպես I կարգի ճարտարագետ:
1993թ. ապրիլին նշանակվել է «Աշխատանքի պահպանություն և անվտանգության տեխնիկա» բաժնի պետի տեղակալ:
1996թ. ապրիլից ղեկավարել է ՀԱԷԿ-ի «Ռադիացիոն անվտանգության» բաժինը:
2010թ. դեկտեմբերի 20-ից աշխատում է գլխավոր ճարտարագետի ՝անվտանգության գծով տեղակալի պաշտոնում:
2012թ. ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է <<Անդրանիկ Օզանյան>> մեդալով, իսկ 2016թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Լեոնտի Ղունկյանոսի Չալոյանը ծնվել է 1952թ. օգոստոսի 20-ին, Ալթայի երկրամասի Ուստ- Կալմանյան շրջանի 3-րդ Կալմանյան սովխոզում: 6 տարեկանում ընտանիքով տեղափոխվել են Հայաստան բնակություն հաստատելով Գյումրի (նախկին Լենինական) քաղաքում, ավարտել է Գյումրիի թիվ 14 ռուսական դպրոցը:
1969թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի Ջերմաէներգետիկ պրոցեսների ավտոմատացում ֆակուլտետը, որն ավարտել է 1974թ-ին: Աշխատել է նույն ինստիտուտում, որպես ավագ լաբարանտ մինչև 1985թ:
1977թ. աշխատանքի է անցել հայկական ատոմային էլեկտրակայանում, աշխատելով որպես ՝ Ջերմային ավտոմատիկայի և չափումների արտադրամասի (ՋԱևՉԱ) վարպետ: 1979թ նշանակվել է նույն արտադրամասի պետի տեղակալ՝ շահագործման գծով, իսկ 1987թ-ից (ՋԱևՉԱ) արտադրամասի պետ: 1994թ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ արտաքին կապերի գծով: 2000թ-ից մինչ այսօր աշխատում է ՀԱԷԿ-ում՝ որպես գլխավոր ճարտարագետի տեղակալ ՝արդիակացման և վերակառուցման գծով: