ՀԱԷԿ-Ի ԼԻԱՄԱՍՇՏԱԲ ՎԱՐԺԱՍԱՐՔԸ

20.11.2018

ՀԱԷԿ-Ի ԼԻԱՄԱՍՇՏԱԲ ՎԱՐԺԱՍԱՐՔԸ

Լիամասշտաբ վարժասարքը (ԼՄՎ)  անձնակազմի ուսուցման համար նախատեսված տեխնիկական միջոց է: ԼՄՎ-ն  կիրառվում է ՀԱԷԿ-ի հերթափոխային անձնակազմի (հերթափոխի պետի, ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետի, ռեակտորի կառավարման առաջատար ճարտարագետի, տուրբինային արտադրամասի հերթափոխի պետի, տուրբինի կառավարման առաջատար ճարտարագետի, բլոկի կառավարման վահանակի մեքենավարի, էլեկտրական արտադրամասի հերթափոխի պետի և գխավոր վահանակի կառավարման առաջատար ճարտարագետի) մասնագիտական ուսուցման համար:

ԼՄՎ-ն սովորողներին հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել բլոկի նորմալ շահագործման տեխնոլոգիական գործընթացները և դրանց կառավարման համար ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝  ներառյալ հնարավոր անոմալ և վթարային իրավիճակների լիկվիդացման գործողությունները  իրական ժամանակի  ռեժիմում:

 ՀԱԷԿ-ի ԼՄՎ-ի արդիականացման աշխատանքների հետագա քայլերին անդրադարձ է եղել ս/թ հոկտեմբերի 15-ից 19-ը ԱՄՆ-ի կողմից իրականացվող միջազգային ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպման  ընթացքում, որին մասնակցում էին  ԱՄՆ-ի կառավարության,  PNNL/ANL լաբորատորիաների և WESTERN SERVICES ընկերության   ներկայացուցիչները  և Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունն  ու  հիմնական ստորաբաժանումների ղեկավարները:

Ամերիկյան կողմի մտահոգությանն ի պատասխան՝  "ՀԱԷԿ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանն անդրադարձավ երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, "թավշյա հեղափոխությանը", միաժամանակ նշելով, որ այդ փոփոխությունները  չեն ազդել ՀԱԷԿ-ի բնականոն աշխատանքի վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաև ՀԱԷԿ-ի  անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով  լիամասշտաբ  վարժասարքի արդիականացման համար նախատեսված աշխատանքների նախագծի հետագա քայլերը: ՀԱԷԿ-ի անվտանգությունն անմիջականորեն կախված է բլոկի կառավարման վահանակի  օպերատորների որակավորումից, որոնց առաջնային (բլոկի հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների) ուսուցումը, վերապատրաստումը, ինչպես նաև հակավթարային վարժանքներն իրականացվում են  ԼՄՎ-ի միջոցով: