Հայկական ԱԷԿ-ի մասնագետների բենչմարքինգը Ռիվնեի ԱԷԿ-ում

07.06.2019

Հայկական ԱԷԿ-ի մասնագետների բենչմարքինգը Ռիվնեի ԱԷԿ-ում

2019 թ. մայիսի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ռիվնեի ԱԷԿ-ում (ՌԱԷԿ) անցկացվեց ՇԿՀԱ ՄԿ կողմից կազմակերպված բենչմարքինգ` «Ռադիացիոն անվտանգության պայմանների և ճառագայթաակտիվ թափոնների (ՃԱԹ) հետ աշխատանքներ իրականացնելու պայմանների կազմակերպում» թեմայով, որի նպատակն էր ռադիացիոն անվտանգության և ճառագայթաակտիվ թափոնների հետ աշխատանքների իրականացման փորձի, գաղափարների և պրակտիկաների փոխանակումը:

Հայկական ԱԷԿ-ից (ՀԱԷԿ) բենչմարքինգին մասնակցում էին խմբի ղեկավար, գլխավոր ճարտարագետի` անվտանգության գծով տեղակալ Վովիկ Աթոյանը, Ռադիացիոն անվտանգության բաժնի պետ Միսակ Կիրակոսյանը, Ռադիացիոն անվտանգության բաժնի հերթափոխի պետ Մհեր Մելիքյանը և ՀԱԷԿ-ի հրապարակում ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Սերգեյ Կենջեցյանը` որպես համակարգող:  

Ընդունող կողմը ՌԱԷԿ-ի Ռադիացիոն անվտանգության արտադրամասի (ՌԱԱ) և ակտիվազերծման ու ճառագայթաակտիվ թափոնների արտադրամասի մասնագետներն էին: Նրանք ներկայացրեցին «Ռադմոն» տվյալների բազայի և փոփոխությունների կառավարման «ASCom» համակարգի հետ աշխատելու փորձը, պատմեցին դոզաչափային թույլտվության ընթացակարգերի և պլանային կանխարգելիչ վերանորոգումների ժամանակահատվածներում աշխատանքային ժամանակի օգտագործման արդյունավետության բարձրացման ընթացակարգերի կատարելագործման մասին, ռադիացիոն մոնիտորինգի ասպեկտների մասին, կիսվեցին անձնակազմի դոզաչափային բեռնվածքի նվազեցման միջոցառումների և շրջակա միջավայրի ռադիացիոն մոնիտորինգի իրականացման փորձով:

Բենչմարքինգի ընթացքում մասնակիցներն այցելեցին էներգաբլոկների հսկվող գոտի, ռադիացիոն վերահսկման վահանների սենյակներ, ռադիացիոն իրադրության վերահսկման ավտոմատացված համակարգի կենտրոնական կետ, ՃԱԹ վերամշակման տեղակայանք, ինչպես նաև ՌԱԷԿ-ի «Պոլեսյե» ժամանակակից տեղեկատվական կենտրոն: Հայ մասնագետները նաև ծանոթացան ռադիացիոն բարձր անվտանգության գոտիների ֆիզիկական պատնեշների կազմակերպմանը, «թեժ կետերի» հայտնաբերման ընթացակարգերին, նրանց գրանցման, հաշվառման, պաշտպանակման, տեսականշման, էկրանավորման և վարքի չափանիշներին, ռադիացիոն աղտոտման վերահսկման և չտարածման գործընթացին, ճառագայթաակտիվ աղտոտման վերահսկման ծրագրերին և մեթոդներին, շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցների և լրացուցիչ անհատական պաշտպանության միջոցների կիրառմանը, ճառագայթաակտիվ թափոնների հետ աշխատանքների իրականացմանը, ALARA մարմինների մեթոդաբանությանն ու գործունեությանը և նրանց արդյունավետությանը: 

Եզրափակիչ խորհրդակցությանը, որն անցկացվում էր գլխավոր ճարտարագետ, ՌԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Պավել Կովտոնյուկի նախագահությամբ, Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Ռիվնեի` ատոմային էներգետիկայի բնագավառի մասնագետներին ջերմ ընդունելության և ՇԿՀԱ ՄԿ միջոցառման հոյակապ կազմակերպման համար:  

 «Մենք լիովին իրականացրինք այցի պլանավորված ծրագիրը: Առաջինն, ինչին ուշադրություն դարձրինք, ՌԱԷԿ-ի ղեկավարության նվիրվածությունն է անվտանգության, այդ թվում նաև ռադիացիոն անվտանգության հարցերին: Մենք համոզվեցինք, որ ձեռնարկությունում հսկայական աշխատանք է կատարվել ռադիացիոն անվտանգության ուղղությամբ. մենք այստեղ ժամանակավոր լուծումներ չտեսանք, չէ որ ամեն ինչ մտածված է մանրամասնորեն և իրականացված` խելացիորեն: Հարկ է նշել նաև կայանի անձնակազմի ազնվությունը: Ձեր փորձը մեզ համար իրոք օրինակելի է: Այս այցը շատ ուսանելի էր. մենք արդեն կանխորոշել ենք ՌԱԷԿ-ի պրակտիկայի վրա հիմնված մի շարք միջոցառումներ, որոնք կցանկանայինք ներդնել մեր կայանում: Համոզված եմ` մենք կհամագործակցենք նաև ապագայում: Կարծում եմ, որ բենչմարքինգն ամբողջովին հաջողվեց », - ամփոփեց խմբի ղեկավար Վովիկ Աթոյանը: