Հրամանատարաշտաբային մարզումներ ՀԱԷԿ-ի պահպանության զորամասում

04.12.2018

Հրամանատարաշտաբային մարզումներ ՀԱԷԿ-ի պահպանության զորամասում

 Նոյեմբերի 21-ին համաձայն զորամասի 2018թ. մարտական պատրաստության պլանի զորամասի անձնակազմի հետ անցկացվել է

հրամանատարաշաբային մարզումներ՝ «Զորամասի վարչակազմի պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարումը պահպանվող օբյեկտում վթարային իրավիճակի ժամանակ» թեմայով, որի անցկացմանը հետևում էին ՈԶ հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ս.Հակոբյանը, ՈԶ հրամանատարի տեղակալ  շտաբի պետ, գնդապետ Բ.Աղաջանյանը, ՈԶ հրամանատարի տեղակալ  սպառազինության և տեխնիկայի գծով, գնդապետ Հ.Մխիթարյանը  ՈԶ հրամանատարության ներկայա-ցուցիչներ:

   Տրված խնդրի համաձայն, ՀԱԷԿ-ի հերթափոխի պետից ստացվել է ազդանշան «Ռադիացիոն վթար, շրջակա միջավայր ռադիոակտիվ նյութերի արտանետումով, որոնց չափաքանակը գերազանցում է նախատեսված սահմանագիծը»:

    Ստացված առաջադրանքի համաձայն զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Բեժանյանի կողմից գնահատվել է իրավիճակը, պարզաբանվել է խնդիրը, լսվել շտաբի պետի, ծառայությունների պետերի առաջարկությունները: Կազմվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Վրանային ավանում բացազատվել է հրամանատարական կետ, հերթապահ մաս, զորանոց, զինանոց, հոգեբանական վերականգնման կետ, բուժկետ, անձնակազմի ու տեխ-նիկայի մասնակի մշակման տեղամաս, որտեղ անձնակազմին ներկայացվել են ժամանակակից անհատական պաշտպանիչ միջոցների ու սանիտարական մշակման միջոցների նմուշներ, ինչպես նաև բացատրվել է դրանց օգտագործման կարգը:

     Գնդապետ Բ.Աղաջանյանը կարևորել է բոլոր ծառայությունների համագործակցությունը, միմյանց խնդիրներին քաջատեղյակ լինելը և ձևակերպվող փաստաթղթերում դրանք արտացոլելը: Կարևորվել է նաև Ռադիացիոն քիմիական կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ)  և թիկունքային ապահովման հարցերը:

     Գնդապետ Ս.Հակոբյանը նշել է, որ նմանատիպ իրավիճակներում, որպեսզի զորամասը կարողանա իր խնդիրներն իրագործել, անհրաժեշտ է ունենալ մարտական խնդիրների կատարմանը գիտակցական ընկալմամբ մոտեցող, կայուն բարոյահոգեբանական վիճակ ունեցող և ցանկացած իրադրությունում արագ ու ճիշտ կողմնորոշվող անձնակազմ:

   Ընդհանուր առմամբ գնդապետ Ս.Հակոբյանը իր գոհունակությունն է հայտնել   անցկացված  շտաբային մարզումներից նշելով, որ ՀԱԷԿ-ի պահպանությունն ու պաշտպանությունն ամենօրյա խնդիր է, և անհրաժեշտ է այսօրվա պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ դուրս գալ ծառայության յուրաքանչյուր օր՝ պատրաստ լինելով հակազդելու օբյեկտի նկատմամբ ցանկացած ոտնձգության փորձի: