Նախարար Արթուր Գրիգորյանի աշխատանքային այցերը  ՀԱԷԿ և նրա  հանձնարարականը

30.07.2018

Նախարար Արթուր Գրիգորյանի աշխատանքային այցերը ՀԱԷԿ և նրա հանձնարարականը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ս/թ մայիս և հունիս ամիսներին  աշխատանքային այցերով եղել է ՀԱԷԿ-ում:

Նախարարը այցերի ընթացքում ծանոթացել է ՀԱԷԿ-ի ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեության արդյունքներին, պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) աշխատանքների նախապատրաստման անցկացմանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ Արթուր Գրիգորյանը շրջայց է կատարել կայանում, եղել Տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել  վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին:

Շրջայցից հետո նախարար Արթուր Գրիգորյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր  տնօրեն  Մովսես Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցերին:

Նախարարի գլխավորությամբ ՀԱԷԿ-ում տեղի են ունեցել նաև աշխատանքային խորհրդակցություններ՝ ղեկավար անձնկազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) աշխատանքների նախապատրաստման անցկացմանը, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքներին:

Քննարկման ընթացքում նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման, վերազինման  աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Առաջին խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք կազմակերպչական հարցերի, որոնց առնչությամբ ևս տրվել  են համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակներում ս/թ ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբագեներատորը, իրականացվել է տուրբաագրեգատի վերանորոգում և արդիականացում: էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-ից հետո՝4-րդ տուրբագեներատորով, նախատեսվում է  օգոստոսի 1-ին: 3-րդ տուրբաագրեգատի արդիականացման աշխատանքները կշարունակվեն մինչև  ս/թ նոյեմբերի 13-ը: 3-րդ տուրբագեներատորը ևս կգործարկվի և կմիացվի ՀՀ էներգահամակարգին. էներգաբլոկի առավելագույն հզորությունը, առանց վառելիքի ծախս ավելացնելու, ներկայիս 390 ՄՎտ-ից կաճի մինչև 430 ՄՎտ: