ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

26.10.2018

ՌԱԴԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Ռադիացիոն անվտանգության բաժինը «ՀԱԷԿ» ՓԲԸ հիմնական արտադրության ինքնուրույն կառուցվածքային միավոր է հանդիսանում:

ՌԱԲ-ն ապահովում է ԱԷԿ-ի արտադրական կառույցներում, արդյունաբերական հրապարակի տարածքում և նրա սահմաններից դուրս (հսկման գոտի) ռադիացիոն պայմանների և ռադիացիոն անվտանգության նորմերի պահպանման վերահսկում, շրջակա միջավայր ԱԷԿ-ից ճառագայթաակտիվ նյութերի արտանետումների և ջրանետումների վերահսկում, տեխնոլոգիական միջավայրերի ակտիվության վերահսկում, անձնակազմի կողմից ռադիացիոն անվտանգության կանոնների պահպանման վերահսկում, անձնակազմի ճառագայթահարման բաժնաչափերի արժեքների վերահսկում, դոզաչափական և ռադիացիոն-տեխնոլոգիական հսկման բոլոր համակարգերի և միջոցների շահագործման ու վերանորոգման վերահսկում, անց է կացնում ԱԷԿ-ում ռադիացիոն անվտանգության ապահովման և ALARA սկզբունքի համաձայն անձնակազմի բաժնաչափական բեռնվածքների նվազեցման հետ կապված կազմակերպական մեթոդական աշխատանք, ապահովում է ՀԱԷԿ-ի արտադրական գործունեության ընթացքում էկոլոգիական նորմերի  պահպանման վերահսկում, ՀԱԷԿ-ի արդյունաբերական հրապարակի տարածքում և ՀԱԷԿ-ի մոտակայքում օդերևութաբանական պայմանների վերահսկում:

ՌԱԲ-ի կազմի մեջ են մտնում հետևյալ ֆունկցիոնալ միավորները.    

  • ռադիոտեխնիկական լաբորատորիա  (ՌՏԼ);
  • անհատական դոզաչափման  վերահսկման լաբորատորիա (ԱԴՎԼ);
  • շրջակա միջավայրի պահպանության լաբորատորիա (ՇՄՊԼ);
  • ռադիացիոն անվտանգության ծառայություն (ՌԱԾ):

ՌՏԼ-ի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.

բաժնի բոլոր ճառագայթումաչափման, դոզաչափման, սպեկտրաչափական և էլեկտրոնային-ֆիզիկական սարքավորումների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ապահովումը:

ԱԴՎ լաբորատորիայի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.

  • ՀԱԷԿ-ի իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքներ իրականացնող անձնակազմի ճառագայթահարման որակյալ վերահսկման կազմակերպում և ապահովում,
  • անհատական դոզաչափական վերահսկման սարքերի և սարքավորումների անվտանգ և հուսալի շահագործման ապահովում,
  • ՀԱԷԿ-ի անձնակազմի բաժնաչափական բեռնվածքները բնութագրող արդյունքների վերլուծություն:

ՇՄՊԼ հիմնական խնդիրներն ու գործառույթներն են.

ՀԱԷԿ-ի արդյունաբերական հրապարակում ռադիացիոն պայմանների մշտադիտարկում  (մոնիտորինգ), արդյունաբերական հրապարակի տարածքում գտնվող վերահսկման կետերում գամմա-ճառագայթման հզորության վերահսկում, ռեակտորային բաժանմունքի և հատուկ մասնաշենքի վերահսկման հորանցքերում գամմա-ճառագայթման հզորության չափում, ԱՄՎՉՊ-ի տարածքում ռադիացիոն պայմանների վերահսկում, ԱԷԿ-ից աերոզոլային արտանետումների ռադիոնուկլիդային բաղադրության վերահսկում, ԱԷԿ-ից ջրանետումների ռադիոնուկլիդային բաղադրության և գումարային բետա-ակտիվության վերահսկում (Տնտեսակենցաղային կոյուղի և արտադրական կեղտաջրերի ու անձրևաջրերի կոյուղի), հսկվող գոտում աշխատող անձնակազմի ներքին ճառագայթահարման դոզայի չափում:

Ռադիացիոն անվտանգության ծառայության խնդիրներն ու գործառույթները.

ՀԱԷԿ-ի հիմնական և օժանդակ մասնաշենքերի հսկվող գոտու արտադրական շինությունների ռադիացիոն պայմանների հեռահսկում «Սիստեմա» կայանքի միջոցով: 

Աշխատատեղերում իոնացնող ճառագայթման մակարդակի վերահսկում:

Գազային և աերոզոլային արտանետումների գումարային ակտիվության վերահսկում:

ԱԷԿ-ի անձնակազմի, ինչպես նաև գործուղված անձնակազմի կողմից ՀԱԷԿ-ի ողջ տարածքում ռադիացիոն անվտանգության նորմերի պահպանման վերահսկում: Ճառագայթաակտիվ նյութերի հետ աշխատանքներ իրականացնող և իոնացնող ճառագայթման ազդեցության գոտիներ այցելող անձնակազմի ճառագայթահարման բաժնաչափերի սիստեմատիկ հաշվառում և վերլուծություն: Հագուստի և կոշիկների ռադիացիոն մաքրության նորմերի պահպանման, ինչպես նաև ռադիացիոն հիգիենայի վերահսկում:  

Հսկվող գոտու սարքավորումների, հատակների, պատերի և այլնի մակերևույթի աղտոտվածության, ինչպես նաև նրանց ապաակտիվացման որակի վերահսկում: Հսկվող գոտու շինությունների օդամաքրման և օդափոխման համակարգերի աշխատանքի վերահսկում: Ճառագայթաակտիվ թափոնների փոխադրման ընթացքում ռադիացիոն անվտանգության նորմերի պահպանման վերահսկում: ՀԱԷԿ-ում ճառագայթաակտիվ աղբյուրների հաշվառում: Իոնացնող ճառագայթման բարձր մակարդակով կամ օդում ճառագայթաակտիվ նյութերի պարունակության բարձր մակարդակով վայրերում աշխատանքներ իրականացնելու ընթացքում աշխատանքի ռեժիմի և պաշտպանիչ միջոցների կիրառման վերահսկում: Առաջին կոնտուրի ջերմակրի ծավալային ակտիվության վերահսկում: Երկրորդ կոնտուրի փչամաքրման ջրի ծավալային ակտիվության վերահսկում` շոգեգեներատորների խողովակների ամբողջականությունը որոշելու նպատակով: Առաջին կոնտուրի սարքավորումների ամբողջականության տեխնոլոգիական վերահսկում: