ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի աջակցության առաքելությունը Հայկական ԱԷԿ-ում

11.03.2019

ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի աջակցության առաքելությունը Հայկական ԱԷԿ-ում

2019թ. փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ԱԷԿ-ում ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի աջակցության առաքելության շրջանակներում «Ռոսատոմի տեխնիկական ակադեմիա» ԼՊԿ ԻՈԿԿ աջակցության ներքո անց է կացվել սոցիալ-հոգեբանական հետազոտություն, որի նպատակն էր գնահատել Հայկական ԱԷԿ-ի ղեկավարների համապատասխանությունը լիդերի որակներին:

ՇԿՀԱ աջակցության առաքելությանը մասնակցել են հետևյալ ռուս փորձագետները` հոգեբանական գիտությունների թեկնածու և Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի «Անձնակազմի մասնագիտական հուսալիության հոգեբանաֆիզիոլոգիական ապահովում» ուսումնա­մեթոդական կենտրոնի («ԱՄՀՀՖԱ» ՈւՄԿ)  ղեկավար  Ելենա Չերնեցկայան, և «ԱՄՀՀՖԱ» ՈւՄԿ-ի առաջատար մասնագետներ` հոգեբանական գիտությունների թեկնածու Տատյանա Բելիխը և հոգեբանության մագիստրոս Վիկտորիա Շաբանովան:

Հայկական ԱԷԿ-ի թիմի կազմում էին Որակի ապահովման բաժնի (ՈԱԲ) պետ Ռուբեն Աբրահամյանը, ՈԱԲ-ի առաջատար ճարտարագետներ Գագիկ Պետրոսյանը և Աշոտ Սարգսյանը, ՈԱԲ-ի ճարտարագետ Հերմինե Պողոսյանը, Շահագործման փորձի բաժնի (ՇՓԲ) առաջատար ճարտարագետ Գագիկ Մկրտչյանը և ուսումնավարժական կենտրոնի (ՈւՎԿ) հոգեբան Մերի Գևորգյանը:

Հայկական ԱԷԿ-ի Որակի ապահովման բաժնի պետ Ռուբեն Աբրահամյանը հայտնեց, որ Հայկական ԱԷԿ-ի ղեկավարությունը պատրաստակամ է մշտապես կատարելագործել ղեկավարների լիդերությունը կայանի շահագործման անվտանգության և հուսալիության ապահովման հարցերում, և ընդգծեց վստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը, որպեսզի անձնակազմը կարողանա անկեղծորեն արտահայտել իր կարծիքը ընդունվող կառավարչական որոշումների արդյունավետության և համապատասխանության հարցերի վերաբերյալ:

Սոցիալ-հոգեբանական հետազոտությունը ներառում էր մի շարք միջոցառումներ, այդ թվում`

  • անձնակազմի անկետավորում, որին մասնակցել է տարբեր մասնագիտական-պաշտոնեական կարգերի 586  աշխատակից,
  • հարցազրույց տարբեր մասնագիտական-պաշտոնեական խմբերի անձնակազմի հետ (19 մարդ),
  • ֆոկուս խմբեր տարբեր մասնագիտական-պաշտոնեական խմբերի անձնակազմի հետ (3 ֆոկուս խումբ, ընդամենը` 33 մարդ);
  • գլխավոր ճարտարագետի մակարդակի արտադրական խորհրդակցության դիտում,
  • փաստաթղթերի վերլուծություն` ըստ Հայկական ԱԷԿ-ի գործունեության ուղղությունների:

Առաքելության շրջանակներում նշվեց, որ կայանի ղեկավարությունը մշտապես ուշադրություն է դարձնում անվտանգության ապահովման հարցերին և զգալի ջանքեր է գործադրում` անվտանգությունը միջազգային ստանդարտներին համապատասխանող պատշաճ մակարդակի վրա պահպանելու համար:

Արտադրական կոլեկտիվների ղեկավարների համար այս հետազոտման արդյունքները շտկիչ միջոցառումներ պահանջող արդիական խնդիրների գնահատման լրացուցիչ միջոց կհանդիսանան, ինչպես նաև կառավարչական որոշումների կատարելագործման համար կծառայեն որպես կայանի անձնակազմից հետադարձ կապի մեխանիզմ: