ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ ՀԱԷԿ-ՈՒՄ

05.10.2018

ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ ՀԱԷԿ-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին Հայկական ատոմային էլեկտրակայանում` ՀԱԷԿ-ի պահպանության  զորամասին հարակից տարածքում, տեղի ունեցավ Ոստիկանության Զորքերի (ՈԶ) կազմավորման 25 ամյակի առթիվ տեղադրված խաչքարի օծման արարողություն: Բենիկ Բաբախանյանի քանդակած Խաչքարը հանդիսանում է զորամասի հրամանատար գնդապետ Վ.Բեժանյանի նվերը զորամասին և ՀԱԷԿ-ին:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՈԶ հրամանատարի Անձնակազմի հետ տարվող աշխատանքների(ԱՀՏԱ) գծով տեղակալ գնդապետ Հայկ Բաբայանը, ԱՀՏԱ բաժանմունքի սպաներ, ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, տարածքային իրավապահ մարմինների ղեկավարներ, զորամասի անձնակազմը, ՀԱԷԿ-ի աշխատակիցներ, հյուրեր:

Օծման արարողությունն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի Թեմի Առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը` Տեր Տաթև քահանա Կիրակոսյանի և Տեր Տաճատ քահանա Ինջիղուլյանի ընկերակցությամբ:

Միջոցառման ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Բեժանյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին հայկական քրիստոնեական խորհրդանիշ Խաչքարի oծմանը մասնակցելու համար, և նշեց, որ կերտված այդ խաչքարը խորհրդանշում է ոստիկանության զորքերի` հայ ժողովրդին նվիրված ծառայելու պատրաստակամությունը և’  խաղաղ, և’ պատերազմական իրավիճակներում:

Գնդապետ Հ.Բաբայանը նշեց, որ Խաչքարերը հանդիսանում են հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մաս, 2010թ. ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Հայոց պատմության ընթացքում եղել են ոչնչացման ու ավերածության, սարսափելի եղեռնագործության փուլեր, սակայն հայ ժողովուրդը մնացել է կանգուն, ցուցաբերել է տոկունություն, սեր ու հավատ կյանքի նկատմամբ, և այդ ամենի ականատեսն ու անխոս վկան են եղել հայոց խաչքարարերը: