ՊՆՎ-2021 ծավալների և ժամկետների մասին

09.11.2020

ՊՆՎ-2021 ծավալների և ժամկետների մասին

2020թ․ ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից և վերաթողարկումից հետո լայնածավալ և մանրակրկիտ աշխատանքներ են սկսվել՝ ուղղված ՀԱԷԿ-ի 2021թ․ վերազինմանը և վերանորոգման պլանավորմանը:

2021թ․ պլանավորված աշխատանքներն ուղղված են ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող և Հայաստանի էներգետիկ ինքնավարությունն ապահովող օբյեկտի հուսալիության ապահովմանը և անվտանգ գործունեությանը:

ՀԱԷԿ-ի մոտակա տարիների արտադրական պլանները ձևավորվել են դեռևս 2017 թվականին՝ հաշվի առնելով կայանի հետազոտության արդյունքները (էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում) և Հայաստանի էներգաարտադրող ձեռնարկությունների միջև արտադրության ծավալների բաշխումը: Վերանորոգման և էներգաբլոկի արդիականացման ամենամյա պլանավորված աշխատանքներից կախված՝ որոշվում է յուրաքանչյուր տարվա կանգի տևողությունը:

Այդ պլանները հաստատվել են ՀՀ Կառավարության 03.05.2018թ. թիվ 548 որոշմամբ:

Հենց այդ որոշմամբ էլ նախատեսված է ՀԱԷԿ-ի 141-օրյա կանգը 2021թ. էներգաբլոկի հերթական պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) ժամանակահատվածում (2021թ․մայիս-հոկտեմբեր):

ՊՆՎ-2021-ի տևողության ավելի քան կրկնապատկումը պայմանավորված է վերանորոգման ստանդարտ աշխատանքներին աննախադեպ մեծ ծավալի լրացուցիչ աշխատանքների ավելացմամբ (ռեակտորի իրանի ջերմային մշակում, անվտանգության հիմնական համակարգերի արդիականացում, ջրահովացման աշտարակների վերականգնում և այլն):

Այդ միջոցառումների ներդրումով կհիմնավորվի ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի հետագա անվտանգ շահագործումը ոչ միայն մինչև 2026թ․սեպտեմբերը, ինչպես դա նախատեսված է էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով, այլ նաև՝ 2026 թվականից հետո: