55 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՏՐՎԵՑ ԱՏՈՄԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

26.02.2021

55 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՏՐՎԵՑ ԱՏՈՄԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

17-ը սեպտեմբերի 1966 թվական. վճռորոշ տարեթիվ Հայաստանի Հանրապետության (այն ժամանակ՝ ՀԽՍՀ) համար. այդ օրը ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի և Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հետ համատեղ կայացվեց որոշում՝ Հայաստանում առաջին և դեռևս տարածաշրջանի միակ ատոմային էլեկտրակայանը կառուցելու վերաբերյալ:
Այս որոշմանն իհարկե նախորդել են բազմաթիվ քննարկումներ, համաձայնեցումներ, տեղանքի, ինչպես նաև ռեակտորի տիպի ընտրություն, տեխնիկատնտեսական հիմնավորումներ և այլ վարչարարական և կազմակերպչական միջոցառումներ:
Էներգետիկ պահանջներն այդ տարիներին հանրապետությունում ամբողջովին ապահովում էին ջերմային և հիդրոէլեկտրակայանները, և ատոմային էներգետիկայի ոլորտում որևէ աշխատանք չէր իրականացվել: 
Գիտության բնագավառի ավելի քան 50 հայազգի նվիրյալներ էական ներդրում ունեցան ԽՍՀՄ ատոմային ոլորտի զարգացման գործում, թեև հենց հանրապետությունում գործնականում չկային ո՛չ ոլորտի մասնագետներ, ո՛չ գիտական-տեխնիկական համապատասխան ենթակառուցվածքներ: 
Հայկական ԱԷԿ-ի նախագիծը մշակվել է «Атомтеплоэлектропроект» ինստիտուտի Գորկու բաժանմունքի կողմից և հաստատվել 1969թ.: Նախագծողների համար գլխավոր խնդիրը կապված է եղել ՀԱԷԿ-ի համար նախատեսվող տարածքի բարձր սեյսմիկության հետ՝ այդ ընթացքում նորմատիվային բազայի լիովին բացակայության պարագայում: 
Կառուցվող ՀԱԷԿ-ի առանձին համակարգեր և հանգույցներ նախագծել են ԽՍՀՄ ավելի քան 50 նախագծակոնստրուկտորական և գիտահետազոտական կազմակերպություններ՝ Լենինգրադի «Теплоэлектропроект» ինստիտուտը, Հայաստանի «Армгидроэнергопроект», «Армэлектросетьпроект» ինստիտուտները և այլն:
Հիմնական սարքավորումներն արտադրել և շինհրապարակ են մատակարարել այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են «Ижорские заводы», ЗиО Подольск, «Уралмаш», «Кировский завод», Харьковский турбинный завод և այլն:
ՀԱԷԿ-ի բուն շինարարությունն սկսվել է 1970թ., իսկ 1976թ. արդեն թիվ 1 էներգաբլոկը հանձնվել է արդյունաբերական շահագործման: Շինարարական, հետո նաև մոնտաժման աշխատանքներին մասնակցել են ինչպես տեղաբնակ հայեր, այնպես էլ ռուս մասնագետներ: Ընդհանուր առմամբ, շինարարական, մոնտաժման և գործարկման/կարգաբերման աշխատանքներում ներգրավվել են ԽՍՀՄ հանրապետությունների ավելի քան 3000 աշխատակիցներ:
Գործարկման/կարգաբերման աշխատանքների, հետևապես նաև ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործման գիտական ղեկավարումն իրականացրել է Ի.Վ.Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտը:
Սկզբնական փուլում կայանի շահագործումն իրականացվել է ռուս մասնագետների հետ համատեղ, և միայն 10 տարի անց տեղի անձնակազմի ուսուցման, ստաժավորման արդյունքում հնարավոր դարձավ ապահովել կայանի շահագործումն ամբողջովին սեփական ուժերով: 
Այսօր ատոմակայանը լիովին համալրված է համապատասխան որակավորմամբ և բավականաչափ փորձ ունեցող արհեստավարժ անձնակազմով: Հայկական ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմում է մոտ 40%:
Ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրներից մեկը և որոշիչ դեր է խաղում ազգային էներգամատակարարման գործում: