12.06.2023
ԱԷՄԳ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԷԿ-ԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Սույն թվականի հունիսի 5-ից 9-ը Գիտելիքի կառավարման աջակցության այցի (KMAV) շրջանակներում Հայկական ԱԷԿ-ում էին գտնվում ԱԷՄԳ-ի մասնագետները, ինչպես նաև գործակալության կողմից ներգրավված գիտելիքների կառավարման բնագավառի այլ մասնագետներ:
Հյուրերին ողջունեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ատոմային էերգիայի միջազգային գործակալությանը գործունեության տարբեր ուղղություններում ՀԱԷԿ-ին տրամադրվող կայուն աջակցության համար:
Աշխատանքային շաբաթվա ընթացքում Գիտելիքի կառավարման ԱԷՄԳ ավագ փորձագետ Միքաելա Օվանեսը ներկայացրեց ԱԷՄԳ կողմից մշակված Գիտելիքի կառավարման մեթոդաբանությունը և թե ինչպես են KMAV ծրագրերը նախագծված՝ օգնելու միջուկային կազմակերպություններին բացահայտելու կրիտիկական գիտելիքներ կրող մասնագետներին, ապահովելու գիտելիքի անխոչընդոտ և արդյունավետ փոխանցումը հետնորդներին՝ ԱԷԿ-ի բազմամյա շահագործման ընթացքում կուտակված հսկայական ծավալով կրիտիկական գիտելիքների կորուստը կազմակերպությունից բացառելու նպատակով: Իր հերթին Կոզլոդույի ԱԷԿ-ի Գիտելիքի կառավարման բաժնի պետ Իսկրեն Ցվետկովը պարզաբանեց, թե ինչպես են մարդկային ռեսուրսների կառավարման ծրագիրը և գիտելիքների կառավարումն իրականացվում իրենց կայանում, և կարևորեց տվյալ գործընթացների համար տեղեկատվական հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը:
ՀԱԷԿ-ի մասնագետների հետ վարած ակտիվ քննարկումների ընթացքում ընդգծվեց գիտելիքների ճիշտ կառավարման դրական ազդեցությունը կայանի շահագործման անվտանգության և կազմակերպության տնտեսական գործունեության ցուցանիշների բարձրացման տեսանկյունից:
Հայկական ԱԷԿ-ի ստորաբաժանումների ներկայացուցիչները հանդես եկան իրենց հուզող հարցերով, ապա ներկայացրին սեփական առաջարկները՝ կայանում գիտելիքների կառավարման գործընթացն առավել արդյունավետ և համապարփակ կերպով կազմակերպելու և կայանի կառավարման համակարգում այն հնարավորինս արագ ինտեգրելու վերաբերյալ:
Առաքելության ավարտին հայկական կողմը պարտավորվեց ապահովել ԳԿ գործընթացի առավել ընդգրկուն իրականացումը, ինչը ևս հնարավոր կդառնա ԱԷՄԳ ակտիվ և շարունակական աջակցության շնորհիվ: