ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ՈՒՄ

01.07.2022

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱԷԿ-ՈՒՄ

Ս/թ հունիսի 27-ից 30-ը ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի ներգրաված փորձագետների մասնակցությամբ ՀԱԷԿ-ում անցկացվեց աջակցության առաքելություն՝ “ԱԷԿ-ում տեղի ունեցող պատահարների հետաքննության մեթոդաբանություն” թեմայով:

Առաքելության նպատակն էր “ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավար անձնակազմին, ինչպես նաև ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք մասնակցում են պատահարների հետաքննությանը, ուսուցանել պատահարների արմատական պատճառների վերլուծության մեթոդաբանությունները: Բացի այդ, առաքելության մասնակիցները ձեռք բերեցին տեսական և գործնական նոր գիտելիքներ, տիրապետեցին հետաքննության մեթոդաբանությունների օգտագործման նոր հմտությունների:

Քառօրյա հանդիպումների ընթացքում փոխադարձ ակտիվ քննարկումներ ծավալվեցին ՀԱԷԿ-ի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այն է՝ հետաքննության մեթոդաբանությունների դրական և բացասական կողմերը, ASSET (անվտանգության տեսակետից կարևոր պատահարների գնահատման խումբ) և HPES (մարդու գործունեության կատարելագործման համակարգ) մեթոդաբանությունների կիրառելիությունն ու դրանց արդյունքները: Թեմայի շուրջ իրենց  ատոմակայանների փորձով կիսվեցին Սմոլենսկի և Կոզլոդույի ԱԷԿ-ների ներկայացուցիչները:

Ամփոփիչ հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց թե՛ ՇԿՀԱ փորձագետների պատրաստվածությունը, և թե՛ “ՀԱԷԿ” ՓԲԸ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը,  իսկ ավարտին ատոմակայանի ղեկավարությանը ներկայացվեց առաքելության նախնական հաշվետվությունը: