ԱՄՆ կառավարության անդամների  և PNNL ընկերության ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ

08.10.2019

ԱՄՆ կառավարության անդամների և PNNL ընկերության ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ

Ս/թ հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի կողմից իրականացվող աջակցության միջազգային ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով ԱՄՆ կառավարության և PNNL ընկերության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության անդամները այցելել են ՀԱԷԿ:

Նրանց ողջունել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը: ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջայց են կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին:

Լիամասշտաբ վարժասարքի տեղադրավայրում «Հայատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը հայտնեց, որ առաջիկա երկու տարում կավարտվի ՀԱԷԿ-ի համար լիամասշտաբ վարժասարքի մշակումը:

Նրա խոսքով՝ լիամասշտաբ վարժասարքի արդիականացումն իրականացվում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի պահանջով եւ ուղղված է Հայկական ԱԷԿ-ի շահագործող անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացմանը:

Վ. Պետրոսյանը նաեւ տեղեկացրել է արդիականացված նորոգման վարժասարքի (ремонтый тренажер) մասին, որի հիմնական նպատակն է լինելու ՀԱԷԿ-ի նորոգման եւ սպասարկման անձնակազմի պատրաստումը եւ վերապատրաստումը, կայանի սարքավորումների շահագործման եւ վերանորոգման ժամանակ տեղեկատվական աջակցությունը, անձնակազմի տեխնիկական գիտելիքների բարձրացումը եւ աշխատանքային պայմանների բարելավումը:

 Այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը և հիմնական ստորաբաժանումների ղեկավարները: Մ. Վարդանյանը ներկայացրել է կայանի պատմությունը, խոսել նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի աշխատանքների ընթացքի, տուրբինային արտադրամասում կատարվող արդիականացման և սարքավորումների փոխարինման մասին:

Մ. Վարդանյանը հատուկ անդրադարձ է կատարել ԱՄՆ-ի կողմից իրականացվող միջազգային ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի Լիամասշտաբ վարժասարքի (ԼՄՎ) արդիականացման աշխատանքներին, խոսել հետագա քայլերի մասին:

Գլխավոր տնօրենը խոսել է նաև ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման, ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման միջուցառումների ծրագրերի ու գործողությունների մասին:

Գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի կողմից տարիների ընթացքում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: