AOSA ՆԱԽԱԳԻԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԷԿ-ԻՆ

20.09.2022

AOSA ՆԱԽԱԳԻԾԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԷԿ-ԻՆ

Եվրամիության օգնության ծրագրի շրջանակներում AOSA (Հայկական ԱԷԿ-ի հրապարակում աջակցության տրամադրում) նախագծով ՀԱԷԿ-ին տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում դեռևս 2004 թվականից։ Նոր կնքված 4-ամյա պայմանագրի համաձայն՝ Enconet Consulting Ges mbH ընկերությունը կշարունակի աջակցել Հայկական ատոմակայանին տեխնիկական, միջուկային և շահագործական անվտանգության ոլորտներում։ Նախագծի հիմնական նպատակը ՀԱԷԿ-ի անվտանգության կուլտուրայի բարձրացման գործում աջակցության ցուցաբերումն է։

Նոր նախագծի իրականացման հարցերով մեկնարկային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով ս/թ սեպտեմբերի 15-ին և 16-ին ՀԱԷԿ-ում էին ԵՄ ներկայացուցիչները, Enconet կազմակերպության անդամները:

Երկօրյա այցի ընթացքում հյուրերը նախ տեխնիկական շրջայց կատարեցին ՀԱԷԿ-ի արտադրական հրապարակում՝ ծանոթանալու թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ մասնավորապես ԵՄ աջակցությամբ կայանում իրականացված արդիականացման աշխատանքների  ծավալին։

Խորհրդակցության ընթացքում արդեն քննարկվեցին ու հստակեցվեցին նախագծի շրջանակներում աջակցության ենթակա ուղղություններն ու միջոցառումները։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն հայտնեցին, որ ՀԱԷԿ-ԵՄ երկարամյա համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ ու հաստատուն: