20.12.2021
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ս/թ դեկտեմբերի 13-ից 17-ը Skoda JS ընկերության հրավերով Չեխիայի Հանրապետությունում էին գտնվում “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը: Աշխատանքային այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ռեակտորի բաղադրատարրերի և աշխատած միջուկային վառելիքի պահման կոնտեյներների արտադրության հրապարակներին, ինչպես նաև վառելիքի խտացված պահման համար նախատեսված դարակաշարերին:
Եվրամիության աջակցության շրջանակներում Skoda ընկերության հետ Հայկական ԱԷԿ-ն ակտիվ համագործակցում է դեռևս 2004 թվականից: Աշխատած միջուկային վառելիքի պահման պահեստարաններին առնչվող ծրագիրն, ինչ խոսք, առանցքային նշանակություն ունի մինչ օրս իրականացված մի շարք կարևորագույն ծրագրերի թվում:
Հայկական ԱԷԿ-ի ղեկավարները, նախատեսված ծրագրի համաձայն, այցելել են նաև Դուկովանի ԱԷԿ: Չեխական ատոմակայանի վերահսկվող գոտում նրանք հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու աշխատած միջուկային վառելիքի չոր պահման՝ Skoda ընկերության արտադրած կոնտեյներներին, իսկ ամենամյա պլանային վերանորոգման փուլում գտնվող թիվ 2 էներգաբլոկում ծանոթացել են վերանորոգվող սարքավորումներին, համակարգերին և իրականացվող աշխատանքներին:
“ՀԱԷԿ” ՓԲԸ ղեկավարներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել նաև չեխական Bria s.r.o. և TacticWare s.r.o. ընկերությունների ղեկավար անձնակազմի հետ, այցելել են փորձարկադաշտ (պոլիգոն) և մասնակցել պարագծի անվտանգության ապահովման նախագծի շրջանակներում իրականացվող փորձարկումներին:
Աշխատանքային հանդիպումների ընթացքում դիտարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն ոչ միայն հայ-չեխական համագործակցության ընդլայնմանը, այլ նաև՝ հետագա զարգացմանը: