ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-ՈՒՄ

30.03.2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-ՈՒՄ

Հերթական աշխատանքային այցով ս/թ մարտի 30-ին Հայկական ատոմային էլեկտրակայանում էին АО “Русатом Сервис" ընկերության ղեկավար անձինք՝ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի գլխավորությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և “Հայատոմ ԳՀԻ” ՓԲԸ ղեկավար անձինք:

Հանդիպման օրակարգը բավականին հագեցած էր՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակներում հեռանկարային նախագծերի քննարկում, ինչպես նաև ՊՆՎ-2021-ի ընթացքում գործող էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների իրականացման հետագա քայլերի վերլուծություն: Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներից բացի, որոնք առանցքային են լինելու 2021 թվականին էներգաբլոկի տևական կանգի ընթացքում, նախատեսվում են նաև ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի, ցայտաջրմուղ (սպրինկլերային) համակարգի տարրերի, հուսալի սնուցման համակարգի և մի շարք այլ համակարգերի ու սարքավորումների արդիականացման աշխատանքներ: Անհրաժեշտ սարքավորումների մեծ մասն արդեն մատակարարված է. մայիս-հունիս ամիսներին նախատեսվում է ավարտել մատակարարումների հիմնական ծավալը: Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունն ինչպես միշտ հետևողական է, որ աշխատանքներն իրականացնեն կապալառու այնպիսի ձեռնարկություններ, որոնք տվյալ ոլորտում աշխատանքի մեծ փորձ և մասնագիտական հմտություններ ունեն:

2021-ը վճռորոշ տարի է լինելու ՀԱԷԿ-ի համար. արդիականացման և վերազինման աշխատանքների թերևս ամենադժվար փուլն է իրականացվելու, որի հաջող ավարտից հետո ՀԱԷԿ-ը կստանա ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի թույլտվությունը (լիցենզիա)՝ կայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու վերաբերյալ: Ավելին, հիմնվելով ռուսական նմանատիպ կայանների փորձի վրա՝ Հայկական ԱԷԿ-ում արդեն աշխատանքներ են տարվում՝ շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ուղղությամբ:

Անվիճելի է մի բան՝ կայանի անվտանգ շահագործումը եղել և մնում է առաջնահերթություն բոլորիս համար: