ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

21.12.2022

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագրի շրջանակներում ս/թ դեկտեմբերի 19-ին ՀԱԷԿ-ում կայացավ երկկողմանի ռազմավարական համագործակցության զարգացման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորությամբ: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր “Ռոսատոմ” պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ-միջազգային գործունեության բլոկի տնօրեն Ն. Սպասկին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինը, իսկ հայկական կողմից՝ “Հայատոմ ԳՀԻ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Պետրոսյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պ/կ Խ. Խաչիկյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում (ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի հետ) ս/թ հունիսի 28-ին կայացած առաջին հանդիպման արձանագրության որոշումների կատարման ընթացիկ վիճակի քննարկումն էր, մասնավորապես՝ հայ-ռուսական 2 կարևորագույն նախագծերի՝ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացում (ՇԺԵ-2) և ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկների հնարավոր կառուցում:

ՇԺԵ-2 նախագծի շրջանակներում ռուսական պատվիրակության ղեկավարն անդրադարձավ մինչ օրս ՀԱԷԿ-ում կատարված արդիականացման աշխատանքներին, ընդգծեց, որ նոր նախագիծը ծավալի և բարդության տեսակետից գուցե զիջում է նախորդին, բայց պատասխանատվության տեսակետից, իհարկե, ոչ պակաս կարևոր է: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից առաջնայինը թերևս ՇԺԵ-2 հայեցակարգի մշակումն էր, որն արդեն հաստատվել է ՀՀ ՄԱԿ կոմիտեի կողմից. մշակման փուլում են անհրաժեշտ մյուս փաստաթղթերը, քննարկվում են նախագծի ֆինանսավորման մեխանիզմները:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագծին, նշվեց, որ աշխատանքները հայկական կողմի հետ ընթանում են համակարգի էներգետիկ հզորությունների հաշվարկման մասով, որից հետո կտրամադրվի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելի հաճախ կազմակերպել հանդիպումներ փոխադարձ այցերի ձևով: