19.04.2021
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՌԴ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Այս տարի ՀԱԷԿ-ում պլանային վերանորոգման ընթացքում իրականացվելու են թիվ 2 էներգաբլոկի արդիականացման ավարտական փուլի հիմնական աշխատանքները: ՊՆՎ-2021-ի 141-օրյա կանգի ընթացքում նախատեսված մի շարք կարևորագույն աշխատանքների քննարկմանն էր ուղղված նախորդ շաբաթ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանի գործուղումը Ռուսաստանի Դաշնություն՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հ․ Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում:
Էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցերով փորձի փոխանակման նպատակով մեր պատվիրակությունը եղավ Կոլայի ԱԷԿ-ում (դրան նախորդել էր նույն նպատակով Մ. Վարդանյանի մեկշաբաթյա այցը Նովովորոնեժի ԱԷԿ): Նովովորոնեժի և Կոլայի ատոմակայանները պատահական չեն ընտրվել. դրանք հնարավորինս համընկնում են Հայկական ատոմային էլեկտրակայանի հետ թե՛ իրենց նախագծերով, և թե՛ շահագործման ժամկետով: Հատկանշական է, որ 2018թ. Կոլայի ԱԷԿ-ում, առաջին անգամ Ռուսաստանի ատոմային էներգետիկայի պատմության մեջ, շահագործման ժամկետի կրկնակի երկարացման աշխատանքներից հետո հաջողությամբ իրականացվել է էներգաբլոկի գործարկումը: Հաշվի առնելով մեր գործընկերների կուտակած հարուստ փորձն այս ոլորտում՝ Հայկական ԱԷԿ-ում կմշակվի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների մեր հայեցակարգը (կոնցեպցիան), որն արդեն տարեկեսին կներկայացվի ՀՀ կառավարությանը և կարգավորող մարմնին՝ համապատասխան որոշումներ կայացնելու:
Մոսկվա քաղաքում АО ОКБ «Гидропресс»-ի և «Росатом» պետկորպորացիայի ղեկավարության հետ աշխատանքային հանդիպումների օրակարգում արդեն ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման և էներգաբլոկի արդիականացման ընդհանուր հարցերն էին: Հիշեցնենք, որ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներից բացի, որոնք առանցքային են լինելու ընթացիկ տարում էներգաբլոկի տևական կանգի ընթացքում, նախատեսվում են նաև ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի, ցայտաջրմուղ (սպրինկլերային) համակարգի տարրերի, հուսալի սնուցման համակարգի և մի շարք այլ համակարգերի ու սարքավորումների արդիականացման աշխատանքներ: Դրանք իրականացվելու են ինչպես հայ մասնագետների, այնպես էլ մեր գլխավոր կապալառու АО “Русатом Сервис"-ի ներգրաված ռուսական մի շարք ընկերությունների՝ ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքային հարուստ փորձ ունեցող մեծաթիվ մասնագետների ներգրավմամբ:
Հանդիպումների ավարտին կողմերը հավաստեցին փոխհամագործակցության կարևորությունն ու պատասխանատվությունը՝ հատկապես ՀԱԷԿ-ի համար վճռորոշ այս ժամանակահատվածում: