Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  ներքին վերահսկողության ծառայության ներկայացուցիչների այցը  ՀԱԷԿ

30.10.2019

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներքին վերահսկողության ծառայության ներկայացուցիչների այցը ՀԱԷԿ

2012-2018թթ. ընկած ժամանակահատվածում իրականացված ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) տեխնիկական համագործակցության ծրագրերի գնահատման նպատակով ս/թ հոկտեմբերի 29-ին ԱԷՄԳ-ի ներքին վերահսկողության ծառայության ներկայացուցիչներն  այցելեցին ՀԱԷԿ: ԱԷՄԳ-ի գնահատման առաքելության կազմում ընդգրկված են մասնագետներ նաև Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից: ՀՀ միջուկային անվտնագության կարգավորման կոմիտեի մասնագետները ևս ներգրավված են աշխատանքներում:

Տեղի ունեցավ հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ:

Հյուրերը ծանոթացան ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մ.Վարդանյանը շնորհակալություն հայտնեց՝ բարձր գնահատելով  ԱԷՄԳ-ի կողմից տարիների ընթացքում ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցությունը: Նա կարևորեց Հայաստանի հետ համագործակցությունը և նշեց, որ ԱԷՄԳ-ի աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում անչափ կարևոր է:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում ևս շարունակել ու խորացնել երկկողմ արդյունավետ համագործակցությունը: