«ԱՏՈՄԷՔՍՊՈ 2024»

27.03.2024

«ԱՏՈՄԷՔՍՊՈ 2024»

Ս/թ մարտի 25-ին և 26-ին հայկական պատվիրակությունը՝ ի դեմս ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գ. Բաղրամյանի,  «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Պետրոսյանի, մասնակցել է ՌԴ Սոչի քաղաքում կայացած «Ատոմէքսպո 2024» միջազգային 13-րդ ֆորումին:

Պատվիրակությունը, որի կազմում էին նաև գլխավոր տնօրենի խորհրդական Գ. Սևիկյանը և Գնումների բաժնի պետ Ա. Ղազարյանը, մասնակցել է միջոցառման բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, շրջել ցուցահանդեսային տաղավարներով, տեղում ծանոթացել ոլորտային առաջատար կազմակերպությունների ներկայացրած նորարարություններին՝ նոր տեխնոլոգիաներին, սարքավորումներին  ու նախագծերին: Դիտարկվել են հետագա քննարկման և գնահատման համար կարևոր տեխնիկական հարցեր և առաջարկներ:

Միջոցառման շրջանակներում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպումներ է ունեցել «ՏՎԷԼ», «Ռուսատոմ Էներջի Փրոջեքթս» ընկերությունների, Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի և «Ռոսատոմ» պետկորպորացիայի ենթակայության մի շարք այլ կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, քննարկել կայանի անվտանգ և հուսալի շահագործմանն առնչվող հարցեր:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ ղեկավարության հետ քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի վերաբերյալ հարցեր, մասնավորապես կնքվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի արդիականացման վերաբերյալ պայմանագիր: Ըստ պայմանավորվածության՝ քննարկումները կշարունակվեն նաև հետագա հանդիպումների ընթացքում:

«Ատոմէքսպո 2024» ֆորումի շրջանակներում Է. Մարտիրոսյանը «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ա. Լիխաչովի կողմից պարգևատրվել է շքանշանով՝ ատոմային բնագավառում միջազգային համագործակցության համար:

Ավանդաբար կազմակերպվող «Ատոմէքսպո» միջոցառումը փոխգործակցության շրջանակներն ընդլայնելու շարունակական հնարավորություն է ընձեռում: