04.05.2023
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Սույն թվականի մայիսի 2-ին Հայաստանում էր գտնվում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությունը:
Այցի շրջանակում կայացել է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ի թիվս այլ նախագծերի քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման, ինչպես նաև ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ նախագծերը:
Ն. Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և «Ռոսատոմ» պետկորպորացիայի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը և բարձր է գնահատել կորպորացիայի դերը վերը նշված նախագծերի հաջող իրականացման հարցում:
Ի երախտագիտություն վարչապետի բարձր գնահատականի՝ Ա. Լիխաչովը հաստատել է փոխշահավետ գործընկերությունը շարունակելու ռուսական կողմի պատրաստակամությունը:
Նույն օրը ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիրը, որի հաստատումից հետո արդեն կմեկնարկեն համապատասխան աշխատանքները։
Ինչ վերաբերում է Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին, պետք է նշել, որ ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Ռուսական կողմի հետ քննարկվել են նաև ընթացիկ ծրագրերին և համագործակցության նոր ուղղություններին առնչվող այլ հարցեր։