ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

23.05.2024

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2024թ.մայիսի 15-ին Եվրոպական միության (ԵՄ) ներկայացուցիչներն այցելեցին Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ): Պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական հանձնաժողովի միջազգային գործընկերության (INTPA), հարցերով  գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Մարյետա Յագերը: Խմբի կազմում էին  INTPA-ի, ինչպես նաև  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները: Ընդունող կողմը ներկայացված էր ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ANRA), «Հայատոմ»-ի և ՀԱԷԿ-ի կողմից: ԵՄ ներկայացուցիչներին ողջունեց «ՀԱԷԿ» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ ՀԱԷԿ-ին ցուցաբերվող երկարաժամկետ, կայուն և շոշափելի աջակցության համար: Նա նշեց, որ 1996 թվականից ի վեր ԵՄ-ն աջակցել է ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության բարձրացմանն ուղղված շուրջ 60 միջոցառումների իրականացմանը: Միջուկային անվտանգության ոլորտում ԵՄ-ի և Հայաստանի բազմամյա համագործակցության վերջին խորհրդանշական իրադարձությունը վեց շարժական դիզելային գեներատորների (ՇԴԳԿ) մատակարարումն է, ինչը սթրես-թեստերի իրականացման արդյունքում ԵՄ կողմից տրամադրվող աջակցության կարևոր միջոցառումներից մեկն է: Նա նշեց, որ այսօր Հայաստանի Հանրապետության ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ՀԱԷԿ-ի համատեղ ջանքերի, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության շնորհիվ ՇԴԳԿ-ները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության վերջնական սպառողներին:

Իր ողջույնի խոսքում տիկին Յագերը հիշեցրեց, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լյայենը 2024 թվականի ապրիլի 5-ին հայտարարել էր ԵՄ աջակցության 270 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին, որն ուղղված է լինելու աջակցելու Հայաստանին առաջիկա 4 տարիների ընթացքում, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում: Նա ընդգծեց, որ  30 տարուց ի վեր տևող համագործակցության ընթացքում ԵՄ-ն արդեն ավելի քան 70 մլն եվրո է հատկացրել Հայաստանում միջուկային անվտանգության բարձրացմանը, որից մոտ 50 մլն եվրո ՀԱԷԿ-ին և մոտ 20 մլն եվրո Հայաստանի Հանրապետության Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին: Տիկին Յագերը նշեց, որ միջուկային անվտանգության ոլորտում շարունակական աշխատանքը մնում է ԵՄ քաղաքականության առաջնահերթությունը, ինչը հաստատվել է  նաև Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդ 2024-ի ընթացքում: Տիկին Յագերը բարձր գնահատեց Հայաստանի հետ միջուկային անվտանգության ոլորտում արդյունավետ համագործակցությունը, ՀՀ ՄԱԿԿ-ի և ՀԱԷԿ-ի շարունակական հանձնառությունը և կայանի միջուկային անվտանգության բարձրացմանն ուղղված նրանց ջանքերը, մասնավորապես, 2015թ սթրես-թեստերի իրականացումից  հետո:

Պարոն Մարտիրոսյանի և տիկին Յագերի ողջույնի խոսքից հետո բոլոր մասնակիցներին ամփոփ տեղեկություններ ներկայացվեցին ՀԱԷԿ-ի արդիականացման միջոցառումների և սթրես-թեստերի անցկացման հարցում ԵՄ կողմից տրամադրված աջակցության վերաբերյալ, ներառյալ «Team Europe» ոգով ԵՄ կողմից ֆինանսավորվող երեք ընթացիկ նախագծերի մանրամասները.                          1) ավստրիական Enconet Consulting ընկերության օժանդակությունը ՀԱԷԿ-ի հրապարակում, 2) Սլովակիայի Հանրապետության VÚEZ կազմակերպության կողմից իրականացվող հերմետիկ գոտու կիպության բարձրացման նախագիծը և 3) չեխական ES-Group-ի կողմից իրականացվող այլընտրանքային էներգամատակարարման (ՇԴԳԿ-ների մատակարարում) նախագիծը:

Այնուհետև ԵՄ և Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին ժապավենի կտրման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում տիկին Յագերը արձանագրեց ԵՄ կողմից ֆինանսավորվող վեց շարժական դիզելային գեներատորների՝ պարոն Խաչիկյանին (ՀՀ ՄԱԿԿ) և պարոն Մարտիրոսյանին (ՀԱԷԿ) պաշտոնապես հանձնումը: 

Այցն ավարտվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շրջայցով, որը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու ՀԱԷԿ-ում իրականացված ԵՄ կողմից ֆինանսավորվող առավել նշանակալի նախագծերի արդյունքներին: Արդյունավետ այցի ավարտին երկու կողմերն էլ վստահություն հայտնեցին, որ փոխշահավետ համագործակցությունը շարունակական  կլինի: