27.10.2025
Գերմանիայի ԱԳՆ-ի և GRS ընկերության ներկայացուցիչների այցը Հայկական ԱԷԿ
2025 թվականի հոկտեմբերի 22-ին և 23-ին Հայկական ԱԷԿ-ում տեղի ունեցավ GRS ընկերության և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր միջուկային ֆիզիկական անվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում (որպես G7-ի՝ «Զանգվածային ոչնչացման զենքի և նյութերի տարածման դեմ գլոբալ գործընկերություն» նախաձեռնության մի մաս) ՀԱԷԿ-ի տարածքում առաջիկա տարիներին իրականացվելիք ֆիզիկական պաշտպանության արդիականացման միջոցառումների քննարկման նպատակով:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին կատարված աշխատանքները և ներկայումս իրականացվող նախագծի ընթացիկ վիճակը: Հյուրերի համար կազմակերպվեց նաև շրջայց կայանի տարածքում՝ արդիականացման ենթակա օբյեկտները, ինչպես նաև գերմանական կողմի աջակցությամբ ՀԱԷԿ-ում արդեն ներդրված համակարգերը ներկայացնելու նպատակով։ Այնուհետև շարունակվեցին քննարկումներն արդեն իսկ ավարտված միջոցառումների, այդ թվում հետագա գործողությունների վերաբերյալ, և ամփոփվեցին աշխատանքային հանդիպման արդյունքները։
Կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց հանդիպումը կազմակերպելու համար և հույս հայտնեցին շարունակել արդյունավետ համագործակցությունը։ Գերմանիայի ԱԳՆ-ի աշխատակիցները ևս հայտնեցին իրենց պատրաստակամությունը սերտ կապեր պահպանել և ցուցաբերել ամեն հնարավոր աջակցություն՝ ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության արդիականացման միջոցառումների անխափան իրականացումն ապահովելու համար։



