14.01.2021
ՀԱԷԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՇԿՀԱ ՄԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ
2020թ. դեկտեմբերին Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոնը (ՇԿՀԱ ՄԿ) կազմակերպել էր Երիտասարդական շարժման 2-րդ միջազգային ֆորումը` «Երիտասարդական շարժում: Այսօր, վաղը և ընդմիշտ» խորագրով: Միջոցառումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով՝ Հայաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Սլովակիայի և Ֆինլանդիայի ատոմակայանների և ոլորտի այլ կազմակերպությունների ավելի քան 80 ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական ԱԷԿ-ից ֆորումին մասնակցել են ՇԿՀԱ ՄԿ ներկայացուցիչ Ս. Կենջեցյանը, Որակի ապահովման բաժնի առաջատար ճարտարագետ Ա. Սարգսյանը և Գնումների ընթացակարգերի բաժնի մասնագետ Մ. Հակոբյանը:
Ֆորումի շրջանակներում անցկացվել են.
- ուսուցում` «Առաջնորդությունը ատոմային էներգետիկայի ոլորտում» թեմայով,
- «Փոփոխությունների կառավարում» և «Երիտասարդական շարժման լավագույն պրակտիկաներ» թեմաների քննարկում,
- երիտասարդական շարժման գործունեության վերաբերյալ պրեզենտացիաներ:
Միջոցառման իրական կուլմինացիա է դարձել պրոֆեսոր Տ. Մելնիցկայայի ելույթը «COVID-ը` կեսկատակ-կեսլուրջ» թեմայի շրջանակներում: Կատարվել է ֆորումի մասնակիցների կողմից պատրաստված, այսպես կոչված, «դիսթրեսի ֆիլտրերի» մանրակրկիտ վերլուծություն. դրանք ավելի քան արդիական թեմայով ինքնատիպ մինի-հետազոտություններ են՝ ինչպես մեր ժամանակներում զերծ մնալ սթրեսի քայքայիչ ազդեցությունից և միաժամանակ բացահայտել սեփական ներուժն անձնային աճի համար:
Ամփոփելով արդյունքները` ՇԿՀԱ ՄԿ երիտասարդական շարժման նախագահ Սերգեյ Շերպաևն ընդգծել է ԵրՇ զարգացման առաջընթացը. «Ներկայումս երիտասարդական շարժումը ներառում է ավելի քան 200 մասնակից: Համավարակով պայմանավորված սահմանափակումները մեր կազմակերպության համար դարձել են փորձություն` անորոշ ժամանակով հետաձգելով շատ պլաններ: Սակայն մասնակիցները, օգտագործելով «պարտադրված» պայմանները, նորովի են մոտեցել իրենց գործունեությանը՝ ռեսուրսներն ուղղելով ներքին գործընթացներին. կատարելագործել են իրենց հմտությունները, աշխատանքային փորձը և օտար լեզուների իմացությունը, մասնակցել են ինքնագնահատումների, շրջայցերի և ուսումնական գործընթացների, ինչպես նաև ուսումնասիրել նորմատիվ փաստաթղթեր: Ոմանք նույնիսկ մասնագիտական աճ են գրանցել: Իսկ, ինչպես հայտնի է, ՇԿՀԱ երիտասարդական շարժման հիմնական նպատակը հենց դա է՝ բարելավել ատոմային կայանների ցուցանիշները»: