ՀԱԷԿ-ՈւՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» ԿՐԿՆԱԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈւՆԸ

29.10.2021

ՀԱԷԿ-ՈւՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ» ԿՐԿՆԱԿԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈւՆԸ

Ս/թ հոկտեմբերի 26-ից 29-ը ԱԷՄԳ-ի կողմից ՀԱԷԿ-ում անցկացվեց «Շահագործման ժամկետի երկարացման անվտանգության ասպեկտները» (SALTO) կրկնակի առաքելությունը. այն անվտանգության համընդհանուր ստուգում է, բայց՝ ոչ տեսչական, և ուսումնասիրում է ատոմային էլեկտրակայանների շահագործման ժամկետի երկարացման ռազմավարությունն ու հիմնական փուլերը:

Հատկանշական է, որ առաքելությունն անցկացվեց այս տարի, երբ Հայկական ԱԷԿ-ում իրականացվեցին անվտանգության բարձրացմանն ուղղված արդիականացման լայնամասշտաբ աշխատանքներ, և արդյունքում նախատեսվում է էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը:

Քառօրյա այցի ընթացքում փորձագետների խումբն իրականացրեց ստուգումներ մի շարք ուղղություններով՝ հաշվի առնելով շահագործման ժամկետի երկարացման հետ կապված ծրագրերի/միջոցառումների կազմակերպումն ու դրանց համապատասխանությունը ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին և SALTO նախորդ առաքելությունների (2013թ., 2016թ. և 2018թ.) առաջարկներին: Թիմային աշխատանքներից բացի նրանք նաև շրջայց կատարեցին կայանի տարածքում, տեղում ծանոթացան բլոկի կառավարման վահանակի, ինչպես նաև ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի արդիականացված և նոր սարքավորումներին, իսկ հսկվող գոտում՝ ռեակտորի անվտանգ շահագործման համար պատասխանատու արդիականացված համակարգերին:

Նախորոշված ուղղություններով թիմային աշխատանքների ընթացքում փորձագետները փաստեցին, որ հիմնվելով նախորդ՝ 2018 թվականի առաքելության արդյունքների և եզրակացությունների վրա՝ ՀԱԷԿ-ում զգալի աշխատանք է իրականացվել ծերացման կառավարման բնագավառում: Անելիքներն, ինչ խոսք, այդքանով չեն ավարտվում. կայանը շարունակում է հետևողականորեն իրականացնել անվտանգ շահագործմանն ուղղված միջոցառումները: Առաքելության արդյունքներով կորոշվեն ՀԱԷԿ-ի առջև դրված այն խնդիրներն ու առաջադրանքները, որոնք անհրաժեշտաբար պետք է լուծել՝ ծերացման կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներին առավել համապատասխանեցնելու համար:

Առաքելության ավարտին փորձագետների թիմը նախնական հաշվետվություն ներկայացրեց ատոմակայանի ղեկավարությանը և ՀՀ կարգավորող մարմնին. այն ենթակա է վերանայման: Հնարավոր փոփոխություններից, առաջարկություններից և հիմնավորումներից հետո փաստաթղթի վերջնական տարբերակը 3 ամսվա ընթացքում կներկայացվի ՀԱԷԿ-ին, ՀՀ ՄԱԿ կոմիտեին և կառավարությանը: