27.03.2023
ՀԱԷԿ-ՈՒՄ ԷԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Սույն թվականի մարտի 24-ին ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացավ կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ-ում «Ռոսատոմ» պետկորպորացիայի ներկայացուցիչ Վ. Մ. Պրոշկինը։ Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարւթյան, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ։
Հանդիպման օրակարգային հարցերի թվում առաջնայինը կադրերի պատրաստման ոլորտում փոխգործակցության ընթացիկ կարգավիճակն էր։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ատոմակայանում աշխատում են իրենց գործի գիտակ արհեստավարժ մասնագետներ, և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հավասարապես կարևորում է թե՛ կայանը նոր, երիտասարդ կադրերով համալրելու, թե՛ գործող կադրերի շարունակական վերապատրաստման հարցը։ Այս առումով ՀԱԷԿ-2 նախագծի հնարավոր իրականացումը հատկապես հեռանկարային և խոստումնալից կարող է լինել՝ երիտասարդ սերնդի մոտ խթանելու էներգետիկ ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ու ձգտումը։
Փոխադարձ քննարկումների ընթացքում կողմերը կարևորեցին ՀՀ ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման առումով հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը, երկկողմանի առաջարկների դիտարկումն ու ընդգրկումը ներկայացված պլան-նախագծում, ինչպես նաև լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին ուղղված հայկական կողմի պահանջարկների ուսումնասիրությունն ու դրանց իրականացումը Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի և «Ռոսատոմ» ՊԿ գործընկեր ԲՈՒՀ-երի բազայի վրա։
Դիտարկվեցին առավել պահանջված ուղղություններով ուսուցման/որակավորման հնարավորություններ ՀՀ էներգետիկ բնագավառի տարբեր կատեգորիաների, այդ թվում՝ նաև աշխատանքային փորձ չունեցող, անձնակազմի համար։
Հանդիպման ավարտին ռուսական պատվիրակության ղեկավար Վ. Պրոշկինը համոզմունք հայտնեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում շատ նախագծեր հաջողվում է իրականացնել առավել արագ տեմպերով և մեծ արդյունավետությամբ շնորհիվ մեծ ներուժի՝ ի դեմս ոլորտային մասնագետների կրտսեր հետևորդների։