«ՀԱԷԿ» ՓԲԸ և «ՏՎԷԼ» ԲԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 2021Թ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

24.12.2020

«ՀԱԷԿ» ՓԲԸ և «ՏՎԷԼ» ԲԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 2021Թ. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակությունը ս/թ դեկտեմբերի 6-ից 9-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել «ՏՎԷԼ» ԲԸ ներկայացուցիչների հետ:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ) և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021թ. ռուսաստանյան միջուկային վառելիքի մատակարարման վերաբերյալ փաստաթղթեր, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը: 
Հայաստանում գործող 407,5ՄՎտ հզորությամբ միակ ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերություն, ք.Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:
Հայկական ԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Չնայած էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներով պայմանավորված տեխնիկական սահմանափակումներին՝ կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ԱԷԿ-ում արտադրվել է 1,8905 մլրդ. կՎտ*ժ էլեկտրաէներգիա: 
«ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Հայկական ԱԷԿ-ի երկար տարիների համագործակցությունը կրում է ռազմավարական բնույթ: Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք կայանը բարձրորակ միջուկային վառելիքով՝ առավելագույնս լիարժեք բավարարելով պատվիրատուի ցանկությունները: Հիմնվելով այդ սկզբունքների վրա՝ մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի շահագործման ժամկետի ավարտը, ապահովել այն ռուսաստանյան միջուկային վառելիքով»,- նշեց «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովան: 
Ներկայումս իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ: Նախագծի իրականացման հիմնական մատակարարն է «Ռոսատոմ» պետկորպորացիայի ձեռնարկություն հանդիսացող «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության աստիճանը:  

****
Հայկական ԱԷԿ-ը Հարավային Կովկասի միակ ատոմային կայանն է, որն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ու շահագործման ժամկետի երկարացումը։ Հայաստանը կուտակել է ԱԷԿ-ի շահագործման եզակի փորձ։ Երկրորդ էներգաբլոկը վերագործարկվել է շուրջ 6.5 տարվա դադարից հետո։ Կայանը կարևորագույն դեր է խաղում Հայաստանի էներգահամակարգի զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքի համար։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։

«Ռոսատոմի» մասին
«Ռոսատոմ»-ը աշխարհում միակ ընկերությունն է, որն ունի պաշարներ և իրավասություններ միջուկային էներգիայի արտադրության ցանցի բոլոր հատվածներում հաջող գործունեության համար: «Ռոսատոմը» միավորում է ակտիվները լայն տիրույթում՝ ներառյալ նախագծում, շինարարություն, ատոմակայանների շահագործում, ուրանի արդյունահանում, վերամշակում ու հարստացում, միջուկային վառելիքի մատակարարում, աշխատած վառելիքի պահպանում, փոխադրում և անվտանգ վերամշակում: Ռոսատոմի գործունեության շրջանակը ներառում է նաև միջուկային բժշկության կարիքների համար սարքավորումների և իզոտոպային ապրանքների արտադրություն, գիտական հետազոտությունների անցկացում, նյութագիտություն, թվայնացված արտադրանքի արտադրություն և տարբեր միջուկային և ոչ միջուկային նորարարական ապրանքների արտադրություն: Պետական ​​կորպորացիայի ռազմավարությունը կայանում է ցածր ածխածնի արտադրության նախագծերի զարգացման մեջ՝ ներառյալ հողմաէներգետիկան: Այսօր «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություն և կազմակերպություն, ընդհանուր առմամբ դրանցում աշխատում է շուրջ 250 հազար մարդ:
Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը ներառում է միջուկային վառելիքի ստեղծման, ուրանի հարստացման և փոխարկման, կայուն իզոտոպերի արտադրության, գազային ցենտրիֆուգների արտադրության ձեռնարկություններ, ինչպես նաև գիտահետազոտական և կոնստրուկտորական կազմակերպություններ։ Այն հանդիսանում է միջուկային վառելիքի միակ մատակարարը ռուսաստանյան ատոմակայանների համար։ Ռոսատոմի «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունն ապահովում է միջուկային վառելիքով 15 երկրի 76 էներգետիկ ռեակտոր, 8 երկրի հետազոտական ռեակտոր, ինչպես նաև ռուսաստանյան ատոմային նավատորմի տրանսպորտային ռեակտորներ։ Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ էներգետիկ ռեակտոր աշխատում է ՏՎԷԼ-ում արտադրված վառելիքով։