22.12.2020
«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ՀԱԷԿ-ի հարգելի՛ աշխատակիցներ, Էներգետիկի մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները:
Մեր երկիրը դժվարին ու ճակատագրական օրեր է ապրում, տնտեսական կարևոր մի շարք բնագավառներ նոր տեմպով զարգանալու և կայուն առաջընթաց ապահովելու խնդիր ունեն: Դրանց թվում իր ծանրակշիռ տեղն ունի էներգետիկայի ոլորտը, որի նվիրյալներն ու պատասխանատուներն եք նաև դու՛ք:
Հայկական ատոմակայանն իր գործարկման ողջ պատմության ընթացքում քանիցս դժվարություններ կրելով, տնտեսական ճգնաժամեր հաղթահարելով՝ ամրագրել է իր առանցքային տեղն էներգամատակարարման համակարգում, ավելին՝ իր պրոֆեսիոնալ ներուժի շնորհիվ մինչ օրս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության իրական երաշխավորը:
Այս առումով խիստ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը շարունակի մեծ պատասխանատվությամբ և անվերապահորեն կատարել իր պարտականությունները, բարձր գիտակցումով և անմնացորդ նվիրումով իր կարողությունները ներդնի ոլորտի հետագա զարգացման գործում:
Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս, մաղթում եմ քաջառողջություն, անկոտրում կամք ու եռանդ:
Խաղաղություն, լույս և ջերմություն բոլորիս ընտանիքներում: