ՀԱԷԿ-VUEZ a.s. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

06.07.2021

ՀԱԷԿ-VUEZ a.s. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Միջուկային անվտանգության բնագավառում միջազգային համագործակցության INSC-2017 ծրագիրն ուղղված է Հայկական ԱԷԿ-ին տեխնիկական օգնություն տրամադրելուն: Այդ օգնության բաղկացուցիչ մասն է կազմում նաև ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի հերմետիկ գոտու և աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի կիպության բարձրացման նախագիծը:

Ռեակտորը շրջապատող հերմետիկ գոտին էներգաբլոկում տեղի ունեցած վթարի դեպքում խոչընդոտում է շրջակա միջավայր ճառագայթաակտիվ նյութերի ներթափանցմանը և ապահովում  ատոմային էլեկտրակայանի մերձակայքում ապրող բնակչության անվտանգությունը:

Նախագծին մասնակցում է VÚEZ a. s. ֆիրման, որն արդեն տարիներ շարունակ գործունեություն է ծավալում ատոմային կայաններում ոչ միայն Սլովակիայի Հանրապետությունում, այլև Միջին Եվրոպայի երկրներում, Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում:

Նախագծի նախնական փուլն ուղղված էր նախապատրաստական աշխատանքներին և այն փաստաթղթերի մշակմանը, որոնց համաձայն կիրականացվի հերմետիկ գոտու անկիպությունների հայտնաբերումն ու վերացումը և դրանց վերացման արդյունավետության ստուգումը: VÚEZ a. s. ֆիրմայի աշխատակիցները Հայկական ԱԷԿ-ի (ՌԱ, ԿՎԱ) մասնագետների հետ միասին հայտնաբերել և վերացրել են թիվ 2 բլոկի հերմետիկ գոտու անկիպությունները: 

Նախագծի շրջանակներում իրականացվելու է նաև ՀԱԷԿ-ի համապատասխան անձնակազմի ուսուցում, որի արդյունքում կայանի մասնագետները կկարողանան ինքնուրույն հայտնաբերել և վերացնել հերմետիկ գոտու նոր առաջացած անկիպությունները: 

Հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում: Աշխատանքներն ավարտելուց հետո  (ՊՆՎ-2021-ի վերջում) կանցկացվի հերմետիկ գոտու կիպության համալիր փորձարկում:

Նախագիծը կշարունակվի մինչև 2024 թվականը. անկիպությունների վերացման աշխատանքները կիրականացվեն ամենամյա պլանային վերանորոգումների ընթացքում: