ՀԱԷԿ-Ը ՀԵՐՔՈՒՄ Է NEWS.AM ԿԱՅՔԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

18.03.2021

ՀԱԷԿ-Ը ՀԵՐՔՈՒՄ Է NEWS.AM ԿԱՅՔԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր՝ մարտի 18-ին, «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հանդիպման մասնակիցների հետ կարճատև բրիֆինգ անցկացրեցին: Հաջորդիվ հրապարակված հաղորդագրություններից մեկում («Կա ռիսկի գործոն, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի երկարաձգվի. ՀԱԷԿ փոխտնօրեն» https://news.am/arm/news/634310.html) առկա են եղել անճշտություններ, որոնք էապես աղավաղում են «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» կարևորագույն նախագծի իրականացման իրական վիճակը: Ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման հետ կապված ռիսկերի վերաբերյալ հարցին ՀԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանի հնչեցրած պատասխանին News.am-ի թղթակիցը ոչ այնքան ճիշտ մեկնաբանություն է տվել: Իրականում նշվել է, որ տեխնոլոգիական պրոցեսը ենթադրում է ռիսկի գործոն, բայց հնարավոր ռիսկերը գնահատվել են նախնական փուլում, և միայն դրանց գործնական բացակայության հիմնավորված հաստատումից հետո է ընդունվել ռեակտորի իրանի մետաղի թրծաթողում իրականացնելու որոշումը, որն էլ հաստատվել է ՀՀ ՄԱԿԿ-ի կողմից: «Հաշվի առնելով ռուսական ընկերությունների նմանատիպ փորձը՝ մենք հուսով ենք, որ շատ փոքր է ռիսկի գործոնը՝ որևէ խնդիր առաջացնելու համար»,- եզրափակել է իր պատասխանը ՀԱԷԿ-ի տնօրենը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ն հորդորում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չ՛աղավաղել ներկայացված տեղեկատվությունը և հիմնվել բացառապես ճշգրիտ տվյալների վրա: