08.04.2020
ՀԱԷԿ-ը իրականացնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ
«ՀԱԷԿ» ՓԲԸ աշխատակիցներն աշխատանքի վայր ներկայանալիս ունեն անձը հաստատող փաստաթուղթ և սահմանված ձևաչափով լրացված թերթիկ:
Կայանի տարածք մուտք գործելիս/կայանից դուրս գալիս հսկիչ-անցագրային կետում «ՀԱԷԿ» ՓԲԸ բուժ-պրոֆիլակտիկ բաժնի աշխատակիցները կատարում են ջերմաչափում, ճշտում աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:
«ՀԱԷԿ» ՓԲԸ անձնակազմին տեղափոխող վարորդներն ապահովված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով:
ՀԱԷԿ-ի արտադրատարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրում:
Ամեն աշխատանքային օր սկսվում է յուրաքանչյուր արտադրամասում նպատակային հրահանգավորմամբ: Աշխատակիցներին տրամադրվում են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ, որոնցում բերված են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնները և ախտահանման միջոցառումների վերաբերյալ պահանջները:
Շտապ իրականացվել է կանխարգելիչ միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների և նյութերի ձեռքբերումը:
Կայանի տարածքում գտնվող բոլոր աշխատակիցները կրում են դիմակներ և պարբերաբար իրականացնում են ախտահանման միջոցառումներ: Նվազագույնի է հասցվել աշխատակիցների անմիջական շփումը, փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով:
Գրասենյակային աշխատողների մեծ մասն աշխատում է տանից` հեռավար տարբերակով:
Չնայած արտակարգ իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացնվող միջոցառումների մեծ ծավալին՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը ամենօրյա գործողությունները համակարգում է այնպես, որ ապահովվի էներգաբլոկի անխափան ու անվտանգ շահագործումը և աշխատակիցների առողջական վիճակի մշտական վերահսկումը: