ՀԱԷԿ-Ը ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՊՀ ԷՔՍՊՈ-2023 ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

17.05.2023

ՀԱԷԿ-Ը ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՊՀ ԷՔՍՊՈ-2023 ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

2023 թվականի մայիսի 16-ին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հիմնադրման 104-րդ տարելիցին նվիրված «ԲանՈւԳործ. ԵՊՀ Էքսպո-2023» խորագրով միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև Հայկական ԱԷԿ-ը։ Այս նախաձեռնությամբ Երևանի մայր ԲՈՒՀ-ը նպատակ էր հետապնդում անմիջական և արդյունավետ հաղորդակցություն ապահովել ուսանողի/շրջանավարտի և գործատուի միջև, հասկանալ աշխատաշուկայի արդի միտումները և ըստ այդմ վերանայել կրթական ծրագրերն ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց։

Որպես ոլորտային գործընկեր՝ ՀԱԷԿ-ը ևս ներկայացել էր թեմատիկ տաղավարով, որտեղ կայանի աշխատակիցներն առանձնակի պատրաստակամությամբ միջոցառման մասնակիցներին տրամադրում էին տեղեկատվություն՝ միջուկային բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրության, արտադրանքի իրացման, այլ երկրների ատոմակայանների հետ համագործակցության, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ում աշխատելու հնարավորությունների, առավելությունների և հեռանկարների վերաբերյալ՝ աշխատավարձի, սոցիալական ապահովության, կարիերային աճի և այլ առումներով։ Իսկ Ուսումնավարժական կենտրոնի ներկայացուցիչն արդեն ռեակտորի մանրակերտի վրա հանգամանալից բացատրում էր ՋՋԷՌ տիպի ռեակտորի կառուցվածքային առանձնահատկություններն ու աշխատանքի սկզբունքները։ ՀԱԷԿ-ի գործունեության և պահանջվող մասնագետների վերաբերյալ կոնկրետ տեղեկատվությամբ հետաքրքրվում էին ոչ միայն ուսանողները, այլև՝ մեծ թվով դասախոսներ. այդ առումով ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, մասնավորապես՝ գրանցվեցին կայանում աշխատանքի հնարավորությամբ հետաքրքրված մոտ 70 անձի տվյալներ՝ հետագայում դիտարկելու նպատակով:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր նաև կոնֆերանս, որի ընթացքում եղան թեմատիկ քննարկումներ, հրավիրված ոլորտային փորձագետների և տարբեր շրջանակների ներկայացուցիչների տեսակետների ու կարծիքների փոխանակում։

ՀԱԷԿ-ի տաղավարի պատասխանատուները հույս հայտնեցին, որ «ԲանՈւԳործ. ԵՊՀ Էքսպո-2023»-ի մասնակցությունը կլինի արդյունավետ և կարդարացնի միջոցառումից ակնկալվող սպասելիքները։

Հիշեցնենք, որ տարիների սերտ համագործակցության արդյունքում ՀԱԷԿ-ի և ԵՊՀ-ի միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր, որոնց նպատակն է բարձրացնել ուսանողների շրջանում ՀՀ ամենամեծ էներգաարտադրող ընկերության հանդեպ հետաքրքրությունը և հաջողությամբ իրականացնել սերնդափոխության մշտական կարևորության գործընթացը։