ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

07.09.2022

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ

Էներգետիկ ոլորտի առանցքային մասնագետների պատրաստման/վերապատրաստման հարցը մշտապես արդիական է եղել Հայկական ատոմային էլեկտրակայանում: Այդ ուղղությամբ տարվող տարրաբնույթ միջոցառումներին այսօր ավելացավ ևս մեկը՝ կնքվեց Համագործակցության հուշագիր՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև:
Հուշագրով նախանշվեցին համագործակցության որոշակի ուղղություններ, ինչպես օրինակ՝ կրթական ծրագրերով ՀԱԷԿ-ի պահանջներին բավարարող բարձրորակ կադրերի պատրաստում, կայանի աշխատակիցների որակավորման բարձրացման և վերապատրաստման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթների իրականացում, ՀԱԷԿ-ի ռազմավարական խնդիրներին նպատակաուղղված համատեղ քննարկումների, սեմինարների կազմակերպում, գիտաարտադրական և հետազոտական աշխատանքների համատեղ իրականացում և այլն:
Համաձայն Հուշագրի՝ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ ուսանողների ուսումնական, արտադրական, նախաավարտական և հետազոտական պրակտիկաները ՀԱԷԿ-ում արդյունավետ անցկացնելու համար:  ԵՊՀ-ին ներկայացված և դրական փորձագիտական եզրակացության արժանացած առաջարկների հիման վրա պարբերաբար կվերանայվեն և կթարմացվեն ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը:
Հուշագրի ստորագրումը նոր հնարավորություն է՝ առաջադիմության ցուցանիշների հիման վրա կատարել ԵՊՀ ավարտական կուրսի ուսանողների ընտրություն, համալրել ՀԱԷԿ-ի կադրային բանկը պահանջվող մասնագետներով և հետագայում ներգրավել նրանց ատոմակայանում աշխատելու: