ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱԷԿ-ՈՒՄ

13.09.2022

ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱԷԿ-ՈՒՄ

Այսօր՝ ս/թ սեպտեմբերի 13-ին, կայացավ ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման նախագծի համատեղ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագծի ղեկավար, АО «РЭП» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։

Հանդիպման ընթացքում նախ հստակեցվեց նախագծի բոլոր ուղղություններով աշխատանքային խմբերի ցանկը, այնուհետև քննարկվեցին նոր էներգաբլոկների կառուցման ճանապարհային քարտեզը, նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կազմման ժամանակացույցը, համաձայնեցվեցին ելակետային տվյալների տրամադրման ժամկետները, անդրադարձ եղավ նախագծի ֆինանսավորման պայմանների համաձայնեցման հարցերի վերաբերյալ մոտեցումներին և ծրագրերին:  Քննարկումների ընթացքում կարևորվեց նաև նախագծի իրականացման գործընթացում տեղային մատակար կազմակերպությունների ընդգրկման հարցը. դիտարկվեց այդ նպատակով սեմինարների կազմակերպման/անցկացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության եկան առավել ակտիվ շարունակել աշխատանքները ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի կողմից 28.06.22թ. հաստատված «Էներգետիկ և ոչ էներգետիկ նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության համալիր ծրագրի» վերաբերյալ աշխատանքային հանդիպման արձանագրության կետերի, մասնավորապես՝ ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրականացման շուրջ: