ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՏ

18.05.2023

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՄԵԾԱՆՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՏ

Սույն թվականի մայիսի 17-ին Հայկական ԱԷԿ էր այցելել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ  Յուրի Հովհաննիսյանը: Հայազգի մեծանուն գիտնականն ատոմակայան էր եկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, “ՀԱԷԿ” ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամ Սերգեյ Մինասյանի ուղեկցությամբ:

Երկարատև դադարից հետո սա մեծանուն գիտնականի երկրորդ այցն էր ՀԱԷԿ, և պետք է նշել, որ նա բավականաչափ տպավորված էր կայանի ներկա վիճակով և իրականացված արդիականացման մեծածավալ աշխատանքներով:

Հանդիպման ընթացքում Յու. Հովհաննիսյանը համառոտ պատմել է միջուկային ֆիզիկայի բնագավառում ծավալած իր երկարամյա բեղուն գործունեության մասին, որի արդյունքներն, ինչ խոսք, համաշխարհային բնույթ են կրում: Հատկանշական է, որ մեծանուն գիտնականը մեծ ներդրում է ունեցել Մենդելեևի պարբերական համակարգի նոր տարրերի (112-118) սինթեզման գործում, ավելին՝ նրա պատվին  118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած հայազգի գիտնականն այսօր ղեկավարում է ՌԴ Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիան, որի գործունեության շրջանակներում իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել և՛ միջուկային ֆիզիկայի բնագավառում գործող գիտահետազոտական ինստիտուտներին,  և՛ Հայկական ատոմային էլեկտրակայանին: