25.12.2023
ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
2023 թվականի դեկտմբերի 22-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) Էներգետիկի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, ի դեմս «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, մասնակցել են նաև ՀԱԷԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Իր շնորհավորական ուղերձում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարևորել է համակարգի կայուն և արդյունավետ գործունեությունը, որն, ինչ խոսք, ամենօրյա նվիրված թիմային աշխատանքի արգասիք է: Գ. Սանոսյանն ընդգծել է՝ ձեռքբերումներն իհարկե ակնհայտ են, այնուամենայնիվ համակարգն ունի մշտական և հետևողական արդիականացման կարիք. առջևում կարևոր ու նշանակալի նոր ծրագրեր ու նպատակներ կան, որոնց հաջող իրագործմանը պետք է ուղղել համատեղ բոլոր ջանքերն ու մասնագիտական հմտությունները:
Միջոցառման ավարտին, ի թիվս ոլորտի մի շարք ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, գլխավոր ճարտարագետի տեղակալ շահագործման գծով Գագիկ Խլղաթյանը, գլխավոր ճարտարագետի տեղակալ անվտանգության գծով Վովիկ Աթոյանը, Ռեակտորային արտադրամասի պետ Ավետիք Արսենյանը և Միջուկային անվտանգության և հուսալիության բաժնի պետ Սոս Սարգսյանը։