Հայաստանում մեկնարկել է ատոմային ոլորտի հոբելյանին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթը

03.09.2020

Հայաստանում մեկնարկել է ատոմային ոլորտի հոբելյանին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթը

    Հայաստանում սկսվել է ատոմային ոլորտի 75-ամյակին նվիրված՝ «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» խորագրով նկարչական մրցույթի համար աշխատանքների ընդունումը: Կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայկական ԱԷԿ-ը՝ համագործակցությամբ ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարությունների, ինչպես նաև Երևանում ու Գյումրիում գիտության ու մշակույթի Ռուսասաստանյան կենտրոնների:

    «Այս տարի ատոմային ճյուղը նշում է իր 75-ամյա հոբելյանը՝ միևնույն ժամանակ գտնվելով ակտիվ զարգացման փուլում: Սա ծայրաստիճան բարձր տեխնոլոգիական ճյուղ է, որը գրանցում է մշտական և արագ աճ: Միջուկային տեխնոլոգիաները դարձել են գեներացման հուսալի աղբյուր, նպաստում են գիտական հետազոտությունների և նոր հայտնագործությունների բազմաթիվ ոլորտներում. արդյունաբերություն, բժշկություն, գյուղատնտեսություն, տիեզերքի նվաճում: Պրոֆեսիոնալների փորձի ու երիտասարդ սերնդի նախաձեռնողականության համադրումը կօգնի ոչ միայն ատոմային արդյունաբերության, այլև ամբողջ երկրի զարգացմանը ընդհանրապես»,-ասաց «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Գորնը:

    Մրցույթի մասնակիցները պետք է կարողանան ներկայացնել ատոմային տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ իրենց երևակայությունն ու տեսլականը: Հավանաբար ոմանք ունեն Հայկական ԱԷԿ-ում աշխատող բարեկամներ կամ մտերիմներ, կամ ոմանց մոտ արդեն իսկ ձևավորվել են մարդկանց կյանքում խաղաղ ատոմի կիրառման մասին սեփական պատկերացումները:

    «Տեխնոլոգիաներ, որոնք փոխում են աշխարհը» մրցույթը կօգնի երիտասարդ սերնդի շրջանում խելամիտ վերաբերմունք ձևավորել ատոմային տեխնոլոգիաների նկատմամբ: Հայաստանի համար դա առավել արդիական է, քանի որ ամբողջ երկրի էլեկտրաէներգիայի մեկ երրորդն արտադրվում է ատոմակայանում, և հենց դա է հիմք հանդիսանում մեր տնտեսության զարգացման համար: Խիստ անհրաժեշտ է, որ մեր երեխաներն ու երիտասարդությունը գիտակցեն ատոմային էներգետիկայի և միջուկային տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի համար ու տեսնեն իրենց համար այդ ոլորտներում կրթության ու մասնագիտական զարգացման հնարավորություններ: Մենք վստահ ենք, որ գիտության ու տեխնոլոգիաների ժամանակակից ու մատչելի ձևով հանրայնացումը Հայաստանի գիտական ներուժի հաջող զարգացման գրավականն է»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արկադի Պապոյանը:

    Մրցութային աշխատանքը կարելի է կատարել գեղարվեստական ցանկացած նյութերով կամ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցույթի ժյուրին կգնահատի գաղափարի յուրօրինակությունը, կատարման վարպետությունը, երևակայությունը, ինչպես նաև՝ թեմայի ամբողջական ներկայացումը: Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են Հայաստանի բոլոր երեխաներն ու երիտասարդները, մասնակցել կարող են 6-ից 31 տարեկան անձինք:

    «Հարգելի մասնակիցներ, Ձեր աշխատանքներում հնարավորինս ազատություն տվեք երևակայությանն ու պատկերացումներին: Այդ դեպքում Ձեր երազանքները իրականություն կդառնան: Հիշեք՝ խաղաղ ատոմը ապագայի անցաթուղթն է: Իսկ մարդկության ապագան ամբողջ տիեզերքն է»,-մրցույթի մասնակիցներին ստեղծագործական երևակայություն ցուցաբերելու կոչ արեց ժյուրիի անդամներից Հայաստանի վաստակավոր նկարիչ, հայկական 50 հազար դրամանոցի, հուշամեդալների և շքանշանների էսքիզների հեղինակ Ռուբեն Արուտչյանը:

    Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նշված հղումով՝ https://cutt.ly/ufsaOkI:

    Նկարները պետք է ուղարկել Երևանում ՌԳՄԿ, Հայաստան, ք. Երևան, 0019, Պռոշյան փ. 1-ին նրբ, տ. 20/14․ Գրաֆիկական աշխատանքներն ուղարկել e–mail: armenia_erevan@rs.gov.ru հասցեին:

    Մրցույթի աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի սեպտեմբերի 30-ը: Արդյունքները կամփոփվեն հոկտեմբերին: Մրցույթի հաղթողներին կտրվեն դիպլոմներ ու նվեր-հավաստագրեր:

 

Սկզբնաղբյուրը՝ «Ռոսատոմ» պետկորպորոցիայի լրատվական ծառայություն