«Հայատոմ» ԳՀԻ. Առաջիկա երկու տարում կավարտվի ՀԱԷԿ-ի համար լիամասշտաբ վարժասարքի մշակումը

02.10.2019

«Հայատոմ» ԳՀԻ. Առաջիկա երկու տարում կավարտվի ՀԱԷԿ-ի համար լիամասշտաբ վարժասարքի մշակումը

Առաջիկա երկու տարում կավարտվի ՀԱԷԿ-ի համար լիամասշտաբ վարժասարքի մշակումը: Այդ մասին սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսում հայտնել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ» ԳՀԻ գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ լիամասշտաբ վարժասարքի արդիականացումն իրականացվում է ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի աջակցությամբ։ Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է ժամանակի պահանջով եւ ուղղված է Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Վահրամ Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Չեռնոբիլի ԱԷԿ-ում նման վարժասարքեր օգտագործվեին, հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից:

Պրոֆեսորի խոսքով ՀԱԷԿ-ում արդիականացվել է նաև հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգը: Գործարկվել է նաև այդ համակարգի երրորդ սերունդը՝ արդիականացված թվային համակարգերով:

Պրոֆեսորը նաեւ տեղեկացրել է արդիականացված նորոգման վարժասարքի (ремонтый тренажер) մասին, որի հիմնական նպատակն է լինելու ՀԱԷԿ-ի նորոգման եւ սպասարկման անձնակազմի պատրաստումը եւ վերապատրաստումը, կայանի սարքավորումների շահագործման եւ վերանորոգման ժամանակ տեղեկատվական աջակցությունը, անձնակազմի տեխնիկական գիտելիքների բարձրացումը եւ աշխատանքային պայմանների բարելավումը:

Վահրամ Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ Հայկական ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրվել են Ուզբեկստանում և Բանգլադեշում, որտեղ կկառուցվեն նոր միջուկային էներգաբլոկներ: Ինստիտուտի կողմից ներկայացրած առաջարկները հետաքրքրել են նաև ամերիկյան դիլերային ընկերություններին, որոնք սարքավորումներ են մատակարարում ատոմակայաններին: Ինստիտուտը մշակել է տվիչներ, որոնք ֆիքսում են հիդրոամորտիզատորների մխոցի կոթի և յուղի մակարդակի  փոքրագույն տատանումները: «Մենք 74 այդպիսի տվիչներ ենք արտադրել Հայկական ԱԷԿ-ի համար, որոնք հաջողությամբ շահագործվում են և իրականացնում նախատեսված գործառույթները»,- հավելել է Վահրամ Պետրոսյանը ։