13.10.2025
Հայկական ԱԷԿ-ում իրականացվեց ԱԷՄԳ-ի SALTO առաքելությունը
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացվեց ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, IAEA) «Շահագործման ժամկետի երկարացման անվտանգության ասպեկտները»՝ SALTO (Safety Aspects of Long-Term Operation) առաքելությունը։
SALTO-ն ԱԷՄԳ-ի կողմից իրականացվող բարձրակարգ փորձագիտական գնահատման գործընթաց է, որը նպատակ ունի գնահատել ատոմային էլեկտրակայանների պատրաստվածությունը երկարաժամկետ և անվտանգ շահագործման համար՝ հիմնվելով ԱԷՄԳ-ի անվտանգության միջազգային ստանդարտների և լավագույն փորձի վրա։
Առաքելությունը ղեկավարում էր ԱԷՄԳ-ի փորձագետ Բրայս Լեմանը (ԱՄՆ), նրա տեղակալն էր Գաբոր Պետոֆին (Հունգարիա)։ Թիմը ներառում էր առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից։
Առաքելության ընթացքում փորձագետները մանրամասն ուսումնասիրեցին կայանի գործունեությունը մի շարք առանցքային ուղղություններով՝ համակարգերի ծերացման կառավարման կատարելագործում, սարքավորումների հուսալիության բարձրացում, շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագրերի իրականացում և անվտանգության ապահովման մշտադիտարկում։
Նշվեց, որ նախորդ SALTO առաքելություններից (2013, 2016, 2018 թթ․) հետո Հայկական ԱԷԿ-ում արձանագրվել է զգալի առաջընթաց՝ հատկապես սարքավորումների մոնիտորինգի, ծերացման կառավարման և անվտանգության մշակույթի զարգացման ոլորտներում։
SALTO առաքելության անցկացումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին՝ շարունակաբար պահպանելու և բարձրացնելու ատոմային էներգետիկայի անվտանգության մակարդակը՝ համապատասխան ԱԷՄԳ-ի միջազգային չափանիշներին։




