07.10.2025
Հայկական պատվիրակության մասնակցությունը «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովին
Սեպտեմբերի 25–ից 26-ը Մոսկվայում կայացավ «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որին մասնակցեցին բազմաթիվ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։ Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը և այլ միջազգային ղեկավարներ։
Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարական պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և իր ղեկավարած պատվիրակությունը հանդիպում ունեցան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվեցին հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։
Հայկական ԱԷԿ-ի մասնակցությունը համաժողովին կարևոր հարթակ էր՝ ներկայացնելու կայանի անվտանգ շահագործման, արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման արդյունքները, ինչպես նաև նոր էներգաբլոկի կառուցման հետագա ծրագրերը։ Միջոցառումը հնարավորություն ընձեռեց նաև անմիջական երկխոսության՝ ոլորտի նորագույն տեխնոլոգիաների, միջազգային փորձի և գլոբալ միտումների շուրջ։-
Համաժողովի մասնակիցները շրջայց կատարեցին «Ատոմ» ցուցահանդեսում, որտեղ ներկայացվեցին Ռուսաստանի միջուկային արդյունաբերության ձեռքբերումները։
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը մասնակցեց նաև «Նոր տեխնոլոգիական դրվածքից դեպի նոր աշխարհայացք» խորագրով համաժողովի նիստին։ Այդ հանդիպմանը մասնակցում էին մի շարք երկրների բարձրաստիճան ղեկավարներ, ինչպես նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Սեպտեմբերի 26-ին Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը մասնակցեց համաժողովի շրջանակում անցկացված մի շարք կարևոր միջոցառումների։ Կայացան առանձին հանդիպումներ «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի և «Ռոսատոմ» ՊԿ մի շարք այլ կազմակերպությունների ղեկավարների հետ։ Էդուարդ Մարտիրոսյանը ներկա էր ՇԺԵ-2 նախագծի աշխատանքների վերաբերյալ խորհրդակցությանը, ինչպես նաև «Ամեն ինչ սկսվում է ատոմից» խորագրով պլենար նիստին, որին մասնակցեցին միջուկային ոլորտի առաջատար ղեկավարներ։
Հայկական պատվիրակության ակտիվ ներկայությունը ևս մեկ անգամ վկայեց, որ միջուկային էներգետիկան շարունակում է մնալ Հայաստանի էներգետիկ ռազմավարության հիմնասյուներից մեկը, իսկ նման միջազգային հարթակները նպաստում են երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացմանն ու զարգացմանը։